43–ամյա կորեացի Վան Գոհը, ով կասկածվում է Օքլանդում մասնավոր ուսումնական հաստատությունում յոթ մարդ սպանելու մեջ, ոստիկանությանը պատմել է սպանությունների դրդապատճառների մասին: Այս մասին հաղորդել է San Jose Mercury News-ը:
Գոհը, ում համալսարանից հեռացրել էին 2011 թ. նոյեմբերին, ասել է, որ իրեն նյարդայնացնում էր ուսումնական հաստատության անձնակազմի և ուսանողների պահվածքը: Ինչպես հայտնել է կասկածյալը, իր հանդեպ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերվում։
CNN-ը, հղում անելով ոստիկանության տվյալներին, հաղորդում է, որ Գոհը չի զղջում և խոստովանել է, որ սպանություններն ինքն է իրականացրել:
Հիշեցնենք, որ հանցագործն ապրիլի երկուսին քրիստոնեական մասնավոր քոլեջում կրակոցներ էր արձակել՝ սպանելով վեց ուսանողի և համալսարանում աշխատող քարտուղարին: Երեք մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:
Գոհը ոստիկանությանը հանձնվել էր առանց դիմադրության: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա միայնակ է գործել: Հայտնի է, որ նախկինում նա որևէ հանցագործություն չի իրականացրել:









































