Արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների համար այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ ազգային անվտանգության խորհրդին կհատկացվի մոտ 14 մլն դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Մեկ այլ որոշմամբ հիմնադրվում է «Աուտիզմ ազգային հիմնադրամ»: Երևանի քաղաքապետարանի ենթակայության N 163 հիմնական դպրոցի 6-րդ մասնաշենքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով որոշվեց հանձնել հիմնադրամին:
Ինչպես ներկայացրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրամի նպատական է աջակցություն ցուցաբերել ինչպես աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց այնպես էլ նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց կրթության և զբաղվածության համար, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ, իրագործել աուտիզմով ախտորոշված անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան և այլն:
Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում: Այն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Աուտիզմով ախտորոշված անձանց քանակն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի թվի աճ է նկատվում նաև Հայաստանում:








































