Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, երեկ երեկոյան CNN հեռուստաընկերության եթերում հայտնվել է նոր շոու`Piers Morgan Tonight, որը պետք է փոխարինի հանգստի գնացած Լարի Քինգի հայտնի հաղորդմանը: Հաղորդումը վարել է բրիտանացի հաղորդավար Փիրս Մորգանը:
Նրա առաջին հյուրը եղել է ոչ պակաս հայտնի հաղորդավար Օփրա Ուինֆրին։ Նա համարվում է հեռուստատեսության պատմության մեջ ամենահաջողակ հաղորդավարներից մեկը, որը, վերջին տվյալներով, վաստակել է 3 մլրդ դոլար: Օփրան հայտնել է, որ իր գումարները կտակելու է բարեգործական կազմակերպություններին:
Մորգանի նորամուտը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել` դրականից մինչև ծայրահեղ բացասական: Օփրա Ուինֆրին գովել է Մորգանին` ասելով, թե սա վերջին 20 տարվա մեջ իր ամենադժվար հարցազրույցներից մեկն էր:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ CNN հեռուստաընկերության դեմքը դարձած Լարի Քինգը 2010 թ. վերջին անցել է հանգստի:
Նրա շոուն տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես եթեր հեռարձակվող միակ հաղորդումը, որն անընդմեջ վարել է նույն մարդը: Քինգն անցկացրել է 50 հազար հարցազրույց աշխարհի ամենահայտնի մարդկանց հետ: