Տոմսկում լիվերպուլյան լեգենդար «Բիթլզ» քառյակի հուշարձանի ձուլման և տեղադրման միջոցներ մինչ օրս չեն գտնվել:
Բրոնզե հուշարձանը, որը պատկերում է լիվերպուլյան քառյակին Լենինի պողոտան անցնելիս, պետք է Տոմսկում տեղադրվեր դեռևս 2011 թվականի աշնան սկզբին: Տոմսկից քանդակագործ Անտոն Գնեդիխը վաղուց է, ինչ կավից ստեղծել է երաժիշտների կերպարները, սակայն ձուլման համար այդպես էլ միջոցներ չեն գտնվել, կան միայն «նախնական պայմանավորվածություններ»:
Եթե իրավիճակը չփոխվի, նախագիծը կարող է իրականացվել Մոսկվայում: «Քանդակագործը նախագիծն ամբողջությամբ գնելու տարբեր առաջարկներ ունի՝ տարբեր քաղաքներից, այդ թվում՝ Մոսկվայից»,- հայտարարել է նախագծի նախաձեռնողներից մեկը` Սիբիրի բժշկական համալսարանի ռեկտոր Վյաչեսլավ Նովիցկին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Նախագծի նախնական արժեքը 6 միլիոն ռուբլի է:
Ըստ Abbey Road (1969 թ.) հանրահայտ ալբոմի շապիկի լուսանկարի հուշարձան կերտելու գաղափարը պատկանում է քանդակագործներ Նիկոլայ և Անտոն Գնեդիխներին։ Նկարում պատկերված են Լոնդոնի հետիոտնային անցումներից մեկով անցնող Ջոն Լենոնը, Պոլ Մաքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը,:
Նշենք, որ Լոնդոնում այն «զեբրը», որը անցնելիս նկարվել է աշխարհահռչակ «Բիթլզ»–ը, 2010 թ. Մեծ Բրիտանիայում հայտարարվել է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձան:








































