Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի հետ անցագրային ռեժիմի վերացման մասին բանակցությունները կմեկնարկեն ամռան սկզբին: Այս մասին այսօր հայտարարել է եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի խորհրդական Թամար Բերուչաշվիլին.
«Պետք է գնահատականի արժանանան տվյալ ուղղությամբ մեր իրականացրած բոլոր բարեփոխումները և գրանցված լուրջ առաջընթացը: Մեկ շաբաթ առաջ Վրաստան էր ժամանել ԵՄ-ի փորձագետների հատուկ առաքելությունը, որը պետք է գնահատական տար առկա իրավիճակին:
Մենք վստահորեն կարող ենք նշել, որ գնահատականները կլինեն շատ դրական: Մենք ակնկալում ենք, որ ամռան սկզբին Վրաստան կայցելի եվրակոմիսար Սեսիլիա Մալմստրյոմը: Հուսով ենք, որ այդ այցը հաջող կլինի:
Եվրակոմիսարը պաշտոնապես կհայտարարի անցագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսման մասին: Դա նշանակում է, որ տվյալ երկխոսությունը մեզ համար հանգեցնելու է անցագրային ռեժիմի մասին նոր համաձայնագրի կնքմանը»:









































