ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ցուցակները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ քաղաքական համակարգի կամ քաղաքական ռեժիմի բովանդակության հնարավոր փոփոխության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Հասարակությունը, մեծ հաշվով, չպետք է սպասելիքներ ունենար այս կուսակցությունների ցուցակներից: Նրա համար միևնույն է՝ ի՞նչ որակ ունեն ցուցակները, ովքե՞ր են այնտեղ ընդգրկված, քանի որ իշխանությունների համար պատգամավորության թեկնածուները նոմինալ ֆիգուրներ են՝ անկախ նրանց կշռից ու նշանակությունից: Այստեղից էլ ակնհայտ է դառնում, որ որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանում, այլ բոլորովին ուրիշ տեղերում՝ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում»,- նշեց նա:
Էդգար Վարդանյանի խոսքով՝ ընտրացուցակները կազմելիս իշխանական կուսակցությունները փորձել են դրանցում ներառել իրենց հետ համագործակցած և համագործակցող սեգմենտներին: «Իշխանությունն ընտրությունների գնում է երկու ճամբարով՝ մեկը՝ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն են, մյուսը՝ ԲՀԿ-ն, որին ընդդիմադիր հռետորաբանություն օգտագործելու դեր է վերապահված: Այս առումով ճիշտ է հատկապես ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտնվելը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նրա համամասնական ցուցակն ակնհայտ է դարձնում, որ կուսակցությունը «տեր է կանգնում» ու գնահատում բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են ՀՀԿ քաղաքական գծին»,- նշեց Վարդանյանը:







































