Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած թուրքական իշխանությունների դրած արգելքին՝ հարյուրհազարավոր քրդեր երեկ դուրս են եկել փողոց՝ տոնելու Նովրուզը: Արդյունքում գրանցվել են բազմաթիվ բախումներ քրդերի ու թուրքական ոստիկանության միջև:
Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) պլանավորել էր մարտի 18-25-ը խաղաղ ձևով Նովրուզը տոնել Թուրքիայի 130 վայրերում: Սակայն մարտի 18-ին դա չարտոնվեց թուրքական իշխանություններից կողմից, ինչը սկսվեց Ստամբուլից: Թուրքիայի քրդաբնակ շրջանները երեկ նորից սկսել էին պատերազմական դաշտ հիշեցնել:
Երեկ բախումներ են գրանցվել քրդաբնակ բազմաթիվ վայրերում՝ Բաթման, Նուսայբին, Ջիզրե, Յուքսեքովա, Մերսին, Ադանա, Վան, Սիլոփի, Բիթլիս, Իգդիր, Ալաշկերտ, Մանազկերտ, Իսքենդերուն, Քոջաելի, Երզնկա և այլն: Ձերբակալվել է 350 մարդ, վիրավորվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ նաև մի քանի ոստիկան: Ջիզրեում վիրավորված ոստիկանը մահացել է:







































