ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ցանկանում է ստեղծել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության աջակցության հիմնադրամ: Այս մասին հայտնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը՝ հավելելով, որ Սպիտակ տունն արդեն համապատասխան առաջարկ է հղել ԱՄՆ Կոնգրեսին:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Փեթերսոնի անվան միջազգային տնտեսական ինստիտուտում, Մաքֆոլն ասել է, որ Ռուսաստանում վերջին շրջանի ցույցերը ուղղված չեն գործող վարչակարգի տապալմանը, դրանք «իրենցից ներկայացնում են քաղաքացիական հասարակության զարթոնքը, երբ մարդիկ հանդես են գալիս առաջին հերթին հանուն արդար ընտրությունների և իրենց իրավունքների պաշտպանության»:
Մեկնաբանելով Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ Մաքֆոլը հայտնել է, որ ապշած է նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչած հակաամերիկյան կարգախոսներից և անձամբ իր վրա հարձակումներից:
«Հակաամերիկյան կարգախոսերը և անձամբ ինձ վրա հարձակումները, անկեղծ ասած, ապշեցրել են ինձ: Մենք նման բան չէինք սպասում «վերաբեռնման» բոլոր ջանքերից հետո: Սակայն մեզ ասվել էր, որ դա միայն նախընտրական քարոզարշավի մասն է: Անձամբ ինձ երբեք չեն մերժել Ռուսաստանի իշխանության տարբեր մակարդակի ներկայացուցիչների հետ հանդիպումներում»,- ընդգծել է դեսպանը:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի վերադառնա «սառը պատերազմի» հռետորությանը:
«Եթե այդպես է ցանկանում Ռուսաստանը, դա իր գործն է, մենք նրան չեք կարող վերահսկել»,- ասել է դեսպանը:










































