«Ժառանգություն» կուսակցության բանաձևում մենք ուրվագծել ենք այն ուղենիշները, որոնք ընկած են լինելու մեր պատկերացրած նոր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմքում: Չկա քաղաքացու իրավունք` չկա ազգային շահ, կա քաղաքացու իրավունք` կա ազգային շահ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ և՛ քաղաքական շահը, և՛ քաղաքական իրավունքը պատկանում են միևնույն օրակարգին. ««Ժառանգություն»-ը նախընտրական շրջան է մտնում լայն համերաշխություն գտնելու ռազմավարությամբ, և այդ համերաշխությունը կկայանա այն քաղաքական ուժերի հետ, որոնք կկիսեն «Ժառանգություն» կուսակցության բանաձևում ամրագրված հիմնական նշաձողերը»:
Խոսելով «Ազատ դեմոկրատներ»-ի հետ համագործակցության մասին՝ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ բավական ժամանակ լրջորեն աշխատել են` մեկ ընդհանուր հարթություն ձևավորելու համար. «Այդ հարթության հիմքում պետք է լինեն գաղափարաքաղաքական մոտեցումները: Խոսքը նախընտրական դաշինքի մասին չէ: Մենք ձևավորում ենք գաղափարաքաղաքական հարթություն, որի հիման վրա երկար պետք է համագործակցենք: Թե այս փուլում դա ինչ ձևաչափ կստանա՝ դեռ պարզ չէ»:
Նա փաստեց` երկու կողմից էլ ցանկություն կա, որ համագործակցությունը կայանա նախընտրական փուլում, բայց կուսակցությունների ղեկավար մարմինների կողմից որոշված չէ, թե ինչ ձևաչափով պետք է գնան ընտրության. «Մեզ մոտ դաշինքները հիմնականում իրավիճակային են` նախընտրական, բացակայում է գաղափարաքաղաքական հենքը, ինչի պատճառով էլ դրանք շատ հեշտորեն քանդվում են»:
Խոսելով Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ բանախոսները նշեցին, որ նրանք ունեցան այն ընտրությունը, որը պետք է ունենային։ «Ռուսաստանը չէր կարող ունենալ մի ընտրություն, որն արժանանար բոլորի հիացմունքին»,- նկատեց Ռ. Հակոբյանը:







































