Մաշտոցի պուրակի «պաշտպանությունը» նորանոր մարդկանց համախմբեց Թեղուտի և Քաջարանի խնդիրների շուրջ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան, լուսանկարիչ Եղիա Ներսիսյանը`խոսելով Մաշտոցի պուրակի պաշտպանության շուրջ:
Նա նշեց, որ այն տպավորությունը, թե Մաշտոցի պուրակում ակցիաները և կրպակների ապամոնտաժման համար պայքարը անուշադրության մատնեցին այլ բնապահպանական խնդիրները, սխալ է: Ե. Ներսիսյանի համոզմամբ` Մաշտոցի պուրակի «պաշտպանությունը» դրական էր նաև Թեղուտի և Քաջարանի պաշտպանության համար:
«Մաշտոցի պուրակում մենք ամեն օր ծանոթանում ենք նոր երիտասարդների հետ, հեռախոսահամարներով ենք փոխանակվում: Իմ կարծիքով` այս ակցիաները հօգուտ բնապահպանական խնդիրների էին: Մաշտոցի պուրակի «պաշտպանությունը» համախմբեց շատ երիտասարդների, որոնք կլինեն նաև Թեղուտի և Քաջարանի համար պայքարող նախաձեռնությունների կողքին»,- նշեց Ե. Ներսիսյանը`հավելելով, որ դրական էին Մաշտոցի պուրակի շարունակական ակցիաները:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների, բնապահպանական ակտիվիստների նստացույցի և ակցիաների 20-րդ օրը Մաշտոցի պուրակում: Նրանց պահանջը մեկն է`ապամոնտաժել տեղադրված կրպակները և վերադարձնել հանրային տարածքը:








































