2012թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.2-0.2% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.0%-ով:
2012թ. փետրվարին 2011թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.0%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 103.3%, ոչ պարենային ապրանքներինը` 103.7%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-փետրվարին 2011թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 103.9 %, 104.5, 103.6 և 102.8%:






































