Ազգային ժողովի շենքի առջև մեծամասնական ընտրակարգի դեմ ակցիայի ընթացքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ մեծամասնական ընտրակարգը մի ամբողջ կոռուպցիոն օղակ է: Ըստ նրա՝ այսօր ԱԺ շենքի առջև ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակության աննախադեպ համախմբում կա այս հարցի շուրջ: Պետք է փորձել հասնել նպատակին` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: ՀԱԿ համակարգողի կարծիքով՝ ՀՀԿ-ն այսօր դիմադրում է:
«Դիմադրում է՝ հասկանալով, որ սա իշխանության կորստի հարց է: Նշանակում է, որ նրանք նույնպես հասկանում են, որ միայն ընտրություններ կեղծելով կարող են պահել իշխանությունը: 100 տոկոսանոց համամասնականը մերժելու քայլով մարտահրավեր են նետելու ամբողջ հասարակությանը»,- մեկնաբանեց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք կընդունեն այդ մարտահրավերը:
Խոսելով գալիք ընտրությունների մասին՝ նա նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորումը ընտրակեղծիքների շուրջ նույնպես հնարավոր է: Նրա խոսքով՝ պետք է պայքարել ընտրակեղծիքների դեմ այն ուժերի հետ, ովքեր մի նպատակ են հետապնդում:
Այս պահին ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ ընդդիմադիր ուժերի ակտիվիստները շարունակում են իրենց ակցիան ընդդեմ մեծամասնական ընտրակարգի: «Ազատ, անկախ Հայաստան»՝ բղավում են քաղաքական ուժերի երիտասարդ թևերի ներկայացուցիչները:
Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է այդ հարցը։








































