Գյումրիում Ռուսաստանի սահմանապահների զորամասերից մեկի անցակետում վիճաբանություն է ծագել:
Փետրվարի 7-ին Գյումրիում Ռուսաստանի սահմանապահների զորամասերից մեկի անցակետում 1977 թ. ծնված Արթուր Վարդանյանը էժան գներով բջջային հեռախոսներ է առաջարկել: Վերջինս բջջային հեռախոս ցանկացող ռուս սահմանապահներից գումար է վերցրել, սակայն բջջային հեռախոսներն այդպես էլ տեղ չեն հասել:
Ավելի ուշ Արթուրին հեռախոսի դիմաց գումար տված ռուս զինվորներից մեկը պահանջել է ետ վերադարձնել բջջային հեռախոսի համար տրված գումարը, սակայն Արթուր Վարդանյանը ծոցից հանել է ատրճանակը և սկսել սպառնալ:
«Առաջին լրատվական»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ըստ որի Գյումրիի ոստիկանության բաժին է բերվել 1977 թ. ծնված Արթուր Վարդանյանը, որը ստորագրությամբ բաց է թողնվել: Դեպքի առնչությամբ հետաքննություն է կատարվում, հանգամանքները պարզվում են:










































