Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ԲՀԿ ներիշխանական վեճը, անկախ, թե ինչ շարժառիթներով է այն ներկայումս պայմանավորված, վաղ թե ուշ վերաճելու է գաղափարական վեճի:
«Որովհետև առաջանում է հարց՝ դու ինչու ես ուզում ավելի շատ մարդ մտցնել, եթե դու նույնն ես, ինչ որ ես… Չէ՞ որ երկու քաղաքական ուժ կարող են այս մասին խոսել… Եթե մենք միևնույնն ենք, վերջապես այսքան տարի խնդիր չենք ունեցել և քվեարկել ենք միանման, նույնիսկ եթե տարաձայնություններ ենք ունեցել, ապա ինչո՞ւ ես ուզում ինձնից ավելի շատ ներկայացված լինել, կա՞ ինչ-որ գաղափարական տարաձայնություն… Հենց այս հարցը հնչեց. այդ գաղափարական տարաձայնությունը կառաջանա, ես ձեզ վստահեցնում եմ»,- հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:
Նրա հետ չհամաձայնելն իհարկե դժվար է: Առնվազն այն առումով, որ ՀՀԿ-ԲՀԿ տիրույթում պետք է առաջանա այդ վեճը՝ ինչո՞ւ ես դու ուզում, որ ոչ թե ՀՀԿ-ն լինի մեծամասնություն, այլ լինես դու: Այսինքն` Բարգավաճ Հայաստանը պետք է բացատրի, թե ինչով է ինքը ՀՀԿ-ից տարբեր՝ երկրի զարգացման վերաբերյալ պատկերացումների առումով իհարկե: Բարգավաճ Հայաստանը պետք է հասարակությանը բացատրի, հստակ, առարկայորեն, թե Հանրապետական կուսակցության ինչը իրեն դուր չի գալիս, որ ցանկանում է Հանրապետականի փոխարեն ինքը լինել մեծամասնություն և ղեկավարել օրենսդիր ֆունկցիան պետական համակարգում: Եթե Բարգավաճ Հայաստանն այդ հարցի հստակ պատասխանը չի տալիս, ապա ակնհայտ է դառնում, որ խնդիրը ընդամենը իշխանության համար պայքարն է: Այսինքն` այդ դեպքում միարժեք է դառնում, որ ոչ մի տարբերություն չկա ՀՀԿ և ԲՀԿ միջև, ու ընդամենը ամեն ինչ հանգում է աթոռակռվի:
Հայաստանում շատերն են իհարկե համոզված, որ Հանրապետականի և Բարգավաճ Հայաստանի փոխհարաբերությունը ներկայումս հենց այդպիսին էլ կա, այսինքն` ընդամենը պայքար է իշխանության համար, այսինքն` ամեն ինչ հանգում է աթոռակռվի, սակայն ներկայումս կողմերը փորձում են հավաստիացնել, որ իբր պայքարում են կամ էլ ուղղակի ապրում են ազգի ցավով, երկրի զարգացմամբ են տառապում և դրա համար են վիճարկում խորհրդարանական մեծամասնության իրավունքը: Իսկ երբ հնչի այն հարցը, որն իրավացիորեն բարձրացնում է Վահան Հովհաննիսյանը, ապա այդ դեպքում արդեն կողմերը ստիպված են լինելու «մերկանալ», այսինքն` ներկայանալ հանրությանն ու ասել, թե ինչն է իրենց տարբերությունը, ինչն է իրենց պատկերացումների զանազանությունը այս կամ այն սոցիալական, քաղաքական, արտաքին քաղաքական և այլ կարգի հարցերում: Ի վերջո, եթե Բարգավաճ Հայաստանին դուր չի գալիս, ասենք, Հանրապետական կուսակցության անդամների քայլվածքը կամ ընդամենը դեմքի արտահայտությունը, կամ կազմվածքը, ապա թող այդպես էլ ասեն: Եթե դուր չի գալիս Հանրապետականի վարքը, ապա այդ մասին էլ թող պարզ հայտարարեն, որ իրենք նույն կերպ են պատկերացնում երկրի զարգացումը, սակայն տարբեր են իրենց պարկեշտության հարցում և բարգավաճականները շատ ավելի համեստ են, զուսպ են, օրինապաշտ են, քան հանրապետականները: Այլ կերպ ասած` խնդիրը հետևյալն է, ու շատ պարզ՝ ո՞րն է ձեր տարբերությունը, և պետք չէ դրան պատասխան որպես ասել, թե ահա մեր ծրագիրը, կարդացեք ու կտեսնեք: Դա կլինի դասական երեսպաշտություն, որովհետև իրականում ծրագրերը որքան էլ տարբեր են, միևնույն է, իրական կյանք դրանցից որևէ մեկն այդպես էլ չի դառնում, հետևաբար ասել, թե կարդացեք մեր ծրագրերը և տեսեք մեր տարբերությունը` կնշանակի պարզապես մոլորեցնել հանրությանը կամ դնել հանրությանը հայտնի կենդանու տեղ:
Ավելին` Հանրապետականի և Բարգավաճ Հայաստանի ներկայիս վիճաբանությունը, որը կողմերը մեկ ընդունում են, մեկ մերժում, ըստ երևույթին հենց միտումնավոր է գտնվում ընդամենը թամաշայի մակարդակում, երբ կողմերը միմյանց մեղադրում են որպես փուչիկներ և սպառնում են պայթեցնել իրար: Այդ թամաշան պետք է նրանց, որպեսզի հանրությունը հնարավորինս տարվի այդ տեսարաններով և չտա հենց այն հարցը, որը երկու կողմերին էլ ստիպելու է առարկայորեն բանավիճել կամ վիճել և հասարակությանը ներկայանալ ըստ էության, ոչ թե թատերական ներկայացման տեսքով: Այսինքն` երկու ուժն էլ հասկանում են, որ թեև միմյանց համար հանդիսանում են որոշակի սպառնալիք, այնուհանդերձ իրենց ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է հասարակությունը: Եվ այդ տեսանկյունից, երկուսն էլ՝ Հանրապետականն էլ, Բարգավաճ Հայաստանն էլ, ունեն մեկ ընդհանուր խնդիր՝ խուսափել հասարակության հարցերից և հասարակությանը հնարավորություն չտալ հարցերի ժամանակ ունենալու համար: Այլ կերպ ասած` մենք ներկայումս բավական հեռու ենք Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների իրական, առարկայական բախումից: Ավելին` այդ առարկայական բախումից վախենում են թերևս կուսակցություններն իրենք, որովհետև ներկայումս նրանք գերադասում են իրենք իրենց մեղադրանքներ կամ ակնարկներ ներկայացնել, քան երբ դա կանի հասարակությունը:
Բանն այն է, որ իրենք իրենց մեղադրանքներին պատասխանելու ձևը գիտեն, նաև ասելու բանը՝ դու ես վատը, չէ, դու ես վատը: Մինչդեռ հասարակությունը նրանց առջև, անշուշտ, լավի ու վատի խնդիր չէ, որ դնելու է, այլ դնելու է հստակ և առարկայական հարցադրումներ, որից պարզվելու է, որ երկուսն էլ իրականում վատն են և երկուսն էլ իրականում պետք է լռեն և հեռանան իշխանական ասպարեզից: Այդ դեպքում մնալու համար նրանք արդեն իսկապես ստիպված են լինելու անխնա և կենաց ու մահու պայքար մղել իրար դեմ, իրական, անմնացորդ պայքար, որի դատավորը իրապես լինելու է հանրությունը: Իշխանական երկու ուժերը ներկայումս հենց դրանից է, որ խուսափում են` միմյանց վրա հարձակվելով:








































