Կոռուպցիան չարիք է, որ խանգարում է Հայաստանի ժողովրդավարացմանը: Այսօր կայացած «Ինչու չենք հաղթահարում կոռուպցիան» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կոռուպցիան հաղթահարելու համար կա պետական մարմիններում թափանցիկ աշխատաոճի ներդրման անհրաժեշտություն:
«Կարևորագույնը իրազեկման խնդիրն է, որովհետև այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են օրենքներին և իրենց իրավունքներին, դժվար է ներքաշել կոռուպցիոն գործընթացների մեջ:
Իհարկե, այս բնագավառում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն որոշակի քայլեր, այնուամենայնիվ, արված են: Սա երկարատև պայքար է լինելու, և եթե կա կամք, ապա կարող ենք հասնել նրան, որ համատեղ ջանքերով պայքարելով կոռուպցիայի դեմ՝ հասնենք որոշակի հաջողությունների»,- նկատեց Հովհաննիսյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն գտնվում է 300 ամենախոշոր հարկատուների շարքում:
Քննարկմանը ներկա, ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանն իր հերթին նշեց, որ կոռուպցիայի
դեմ պայքարի քայլերը Հայաստանում ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում:
«Ընտրական օրենսգիրքն, օրինակ, քաղաքական կոռուպցիայի ծաղկման լայն հնարավորություններ է ընձեռում: Քաղաքական կոռուպցիայի ամենավառ ձևը գործադիր իշխանությունում տնտեսավարողների ակտիվ ներթափանցումն է»,- ասաց նա:
Բագրատ Եսայանը նշեց նաեւ ԴԱՀԿ պետի պաշտոնում «Քեթրին Գրուպ»-ի սեփականատիրոջը նշանակելու փաստը: «Օտար երկրներում դեսպաններ են նշանակվում մարդիկ, ովքեր այնտեղ ունեն տնտեսական հստակ շահեր և այլն»,- ասաց Եսայանը:
Ըստ ՀՅԴ ներկայացուցչի, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է, որպեսզի օրենքները գործեն բոլորի համար:







































