ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն Արցախյան պատերազմի տարիներին եղել է 16 տարեկան և, լինելով արծվաշենցու թոռ, մասնակցել է Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերին: «Առաջին լրատվական»-ի հետ կիսվելով անցյալի հուշերով՝ Վ. Արամյանը պատմեց, որ դիրքերում հերթապահել է և քաջ գիտակցում է, թե ինչ դաժան բան է, երբ սոված, ծարավ, մրսած կանգնում ես՝ գիտակցելով, որ քո թիկունքում գտնվում են քո եղբայրը, հորաքույրը, բարեկամներն ու հարազատները:
Վ. Արամյանը մի զավեշտալի դեպք հիշեց, երբ գյուղի տղաները վիճել են, թե ով է ավելի քաջ ու որոշել են, որ գիշերով պետք է միայնակ մտնեն ադրբեջանցիների տարածք. հիմնական վեճի առարկան էլ այն էր, թե ով ինչ գերի կկարողանա բերել: «Եղբայրս մի ադրբեջանցի հրամանատարի բերեց: Ես ապշած էի: Դա մի փոքր մարտական միջադեպ է, որի մեջ չափից ավելի քաջություն կա»,- պատմեց փինանսների փոխնախարարը: Նա նաեւ հիշեց, որ Արծվաշենի պաշտպանության ժամանակ մինչև վերջին պահը ոչ մեկը գյուղը չի լքել՝ նույնիսկ կանայք:
«Փառք ու պատիվ բոլոր ծառայողներին: Բանակը միակ արժեքն է ՀՀ-ի, որ ցանկացած քաղաքացի գնահատում է որպես սրբացված մի վիճակ, որովհետև բոլորը գիտեն բանակի կարևորությունը: Ցանկանում եմ, որ մեր զինծառայողները առողջ լինեն, լինեն քաջ ու արիասիրտ և մտածեն, որ ամեն անգամ իրենց յուրաքանչյուր պահվածքը հնարավորություն է տալիս մեր ցանկացած քաղաքացու՝ մանուկից մինչև ծեր, վայելել իրենց կյանքը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Արամյանը:







































