Ինչպես օրեր առաջ տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ը, սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի «Եղնիկներ» զորամասից Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանը երկարատև բուժում ստանալուց հետո դեկտեմբերի 9-ին տուն է վերադարձել:
«Առաջին լրատվական»-ը երեկ այցելեց Ժորա Մկրտչյանին և զրուցեց Ժորայի ու նրա ընտանիքի հետ: Ժորան սկզբում ամաչում ու չէր ցանկանում խոսել, սակայն հարցերի միջոցով ամեն ինչ հնարավոր եղավ բացահայտել:
19-ամյա զինծառայող Ժորա Մկրտչյանը Թալինի Լուսակն գյուղից էր մեկնել ԼՂՀ պաշտպանության բանակ: Մեկ տարի, ինչպես նշեց Ժորան, ծառայությունն անցել է բնականոն. «Տասհինգ օր պոստ էինք կանգնում, տասնհինգ օր` հանգստանում», սակայն 2011-ի սեպտեմբեր ամսին, ըստ նրա, դեպքերն այլ ուղղությամբ զարգացան: Դիրքերը պաշտպանող զինվորին հենց դիրքերում նվաստացրին ընկերները, ծաղրեցին, գազանաբար ծեծի ենթարկեցին:
Հրամանատարը, Ժորայի խոսքերով, նկատեց իր կապտած ականջը, բայց Ժորան դա մեղվի կծածի վերագրեց: Սակայն դրանից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և նրան տեղափոխեցին հոգեբուժական բաժանմունք:
2011-ի սեպտեմբերի 27-ին հոգեբուժական բաժանմունքում զինծառայողի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը, տղային հայտնաբերեց սարսափելի վիճակում. «Ականջները կապույտ միս, ծխախոտ էին այրել տղայի ականջների մեջ, ծեծել, գլխին խփել, ականջները քաշել, ծխախոտով այրել վիզն ու ձեռքերը, փայտով ականջին խփել, ականջը ջարդել և հարվածներ հասցրել սրտի շրջանում»:
Հիշեցնենք, որ սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ), շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):
«Գիտեն մոզի ենք մեծացրել տանք իրենց, մարդիկ տներն են ծախում, որ ազատեն, իմ տղան զինկոմիսարիատ գնաց, առաջինն իր անունը կարդացին, ասաց՝ պապ ջան, ինձ տանում են: Այնքան երջանիկ էր, կարծես բուհ էր ընդունվում»,- ասաց Մկրտիչ Մկրտչյանը»:
Իսկ զինվորի ճակատագրով չեն հետաքրքրվում ոչ ՊՆ-ն, ոչ էլ բանակային ընկերները:
«Տարան կերան, ոսկորները բերեցին մեզ տվեցին»,- ասաց զիվորի հայրը` նշելով, որ իր երկրորդ որդին` Գոռը, նույնպես պետք է ծառայի հայկական բանակում: Գոռն ինքն էլ պարտադիր է համարում ծառայությունը և պատրաստվում է առաջիկա ամիսներին բանակ գնալ: Գոռի խոսքերով, Ժորան իրեն շատ բան է պատմել բանակի վարքուբարքի մասին
Մկրտիչ Մկրտչյանը նշեց, որ բանակի ղեկավարությունը պետք է մտածի փոփոխությունների, կարգ ու կանոն հաստատելու մասին:








































