Մայքլ Վուդֆորդը, որը 2011 թվականի հոկտեմբերի վերջին հեռացվել էր լուսանկարչական ապարատներ և օպտիկական սարքավորումներ արտադրող Olympus ընկերության նախագահի պաշտոնից, դատարան է դիմելու` իր պաշտոնը վերականգնելու համար:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, Վուդֆորդը հայտարարել է, որ իրեն պաշտոնից ազատելը համարում է անօրինական: Նա նաև նշել է, որ փոխհատուցում է պահանջելու Olympus-ից` նյութական վնասներ պատճառելու համար:
Reuters գործակալության փոխանցմամբ, ընկերության նախկին նախագահը պատրաստվում է Olympus-ի դեմ հայց ներկայացնել դատարան Մեծ Բրիտանիայում: Վուդֆորդի խոսքերով՝ չնայած նա «կատարում է ճիշտ քայլեր», տնօրենների խորհրդի անդամները չեն ցանկանում կամավոր իրեն վերադարձնել ընկերության ղեկավարի պաշտոնին:
Մայքլ Վուդֆորդը աշխատանքից ազատվել էր «առևտրային էթիկայի խախտման» պատճառով: Տնօրենների խորհրդի անդամները համարել են, որ նախագահը խախտել է ընկերության էթիկայի կանոնները և «թռել է իրենց գլխից»:
Բրիտանացի մենեջերը վստահեցնում է, որ աշխատանքից ազատվել է ընկերության որոշ գործարքների վրա «լույս սփռելու փորձի» համար: 2011 թվականի նոյեմբերին Olympus-ի նոր տնօրեն Սուիտի Տակայաման հաստատել է Վուդֆորդի մեղադրանքները` հայտարարելով, որ ընկերությունը 20 տարվա ընթացքում թաքցրել է կորուստները` դրանով ցանկանալով պահպանել բաժնետոմսերի բարձր գները: Սակայն հոկտեմբերին տեղի ունեցած սկանդալի հետևանքով ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 50 տոկոսով:








































