Չնայած ողջ համացանցը և կանանց ամսագրերը հեղեղված են իմպլանտների միջոցով կրծքի մեծացման վիրահատությունների վերաբերյալ գայթակղիչ գովազդներով, մասնագետները և բժիշկները դրանց երկարակեցության և հավանական վտանգների մասին այլ կարծիք ունեն:
Chicago Tribune-ը գրում է, որ ֆրանսիական այժմ այլևս չգործող Poly Implant Prothese ընկերության շուրջ տարածված լուրերի պատճառով իմպլանտներն այժմ գտնվում են համաշխարհային ուշադրության կենտրոնում: Անընդհատ հայտարարություններ են արվում իմպլանտների արագ պատռվելու վտանգի մասին:
Կրծքի իմպլանտները շուկայում հայտնվել են 1960-ական թվականներից: Դրանք առաջին անգամ ստեղծել են Տեխասում ապրող երկու վիրաբույժներ, ովքեր աշխատում էին Dow Corning Corporation սիլիկոն արտադրող ընկերության հետ:
Իմպլանտների միջոցով կրծքի մեծացման առաջին վիրահատությունը արվել է 1962 թվականին՝ ԱՄՆ-ում: Այժմ ամբողջ աշխարհում 5-10 միլիոն կին նման վիրահատության է ենթարկվել, որից 1.5-2.5 միլիոնը՝ միայն ԱՄՆ-ում:







































