Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը Ֆրանսիայի Սենատ վերադարձվել է նաև Հայ Դատի Ֆրանսիայի հանձնախմբի տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:
«Այստեղ տարիների աշխատանք կա, որոշակի տրամադրվածություն, որը նման հանցագործությունները կանխելու միտում ունի: Մենք լավ, ավանդական հարաբերություններ ունենք Սենատի որոշ ուժերի հետ, որոնք միշտ և հստակորեն ասել են, որ Ցեղասպանության մասին այս օրինագիծը պետք է հետապնդվի: Անշուշտ, այս գործընթացում ֆրանսիական կողմն իր շահերն ունի: Եթե իրենց շահերին հակասող որևէ բան լիներ, Սենատը նման օրինագիծ քննարկման երբեք չէր դնի»,- ասաց պատգամավորը:
Շահբազյանի խոսքով, եթե Ֆրանսիան Սենատի օրակարգ նման օրինագիծ է ներառել, չի նշանակում, որ չպետք է փորձի, մյուս կողմից էլ, հարաբերություններ մեղմել Թուրքիայի հետ, կամ ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան կամուրջներ չայրել: «Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է հյուրընկալել հայ-թուրքական պատմական հանձնաժողովի քննարկումները (եթե, իհարկե, այդպիսին ստեղծվի), միտված են նրան, որպեսզի հաշվի առնվեն նաև թուրքական կողմի մտահոգություններն ու դժգոհությունները: Ֆրանսիան աշխատում է ցույց տալ Թուրքիային, որ նմանօրինակ օրինագիծը երկու պետությունների միջև հարաբերությունները վատացնելու կամ խզելու քայլ չէ»,- նկատեց պատգամավորը:
Ամփոփելով՝ Արտյուշա Շահբազյանը նկատեց, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի վաղը՝ դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծն ընդունվի Ֆրանսիայի Սենատի կողմից:
Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի անդամ, սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Կալտենբախը, նոյեմբերի 21-ին, Սենատի օրակարգ էր վերադարձրել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Նշենք նաև, որ Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին, 196 դեմ և 74 կողմ ձայներով մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը:









































