Արդեն սկսվել են ամանորյա գնումները: Երևանի բնակիչներից ոմանք պատրաստվում են զարդարել իրենց տոնական եղևնիները: Այսօր արդեն բոլոր փողոցներում առանձնացված են եղևնիների և սոճիների բացօթյա վաճառքի կետեր:
Երևանի բնակիչները բավական մեծ ընտրության հնարավորություն ունեն. վաճառքի են հանված արտասահմանից ներկրված եղևնիներ՝ տարբեր հնարավորությունների տեր անձանց համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց այս օրերին եղևնու առևտրով զբաղվող անձանցից մեկը:
Նա նշեց, որ ամանորյա տոնածառերի գինը սկսվում է 20 հազար դրամից: «Բնական եղևնիներն ավելի թանկ արժեն, իսկ սոճիներն առավել էժան են: 20 հազար դրամով կարելի է փնտրել և գտնել եղևնիներ, բայց շատ անշուք են»,- նշեց վաճառողը`հավելելով, որ նրանք, ովքեր եղևնի ձեռք բերելու հնարավորություն չունեն, գնում են ճյուղեր: Նրա խոսքով, ճյուղերն արժեն մի քանի հազար դրամ`2-ից մինչև 10 հազար: Նա նաև ընդգծեց, որ դեկտեմբերի 29-ին, 30-ին եղևնիների և ճյուղերի գները կտրուկ ընկնում են:
Տոնական ծառի համար խաղալիքներ և լույսեր կարելի է ձեռք բերել համեմատաբար ցածր գներով:
Հիշեցնենք, որ Հայաստանում արգելված է տոների նախօրյակին եղևնիների հատումը: Նախատոնական օրերին գրանցվում են եղևնիների հատման դեպքեր:







































