Իհարկե, կլինեն քաղաքական միավորումներ, որոնց հետ «Ժառանգություն» կուսակցությունը կարող է համագործակցել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «ժառանգական» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, որովհետև անուններ տալով՝ մնք կարող ենք անշնորհակալ գործ անել և վիրավորել այս կամ այն քաղաքական միավորմանը, հետևաբար անուներ չեմ ցանկանա նշել»,- նկատեց պատգամավորը:
Ամփոփելով՝ Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ համագործակցության որոշում կայացնելիս իրենք հաշվի են առնելու գաղափարական մոտեցումները: «Դրան զուգահեռ՝ մենք կարևորելու ենք, որ դաշինքային լուծումները բխեն հասարակության շահերից»,- ասաց Փոստանջյանը:
Նշենք, որ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Ժառանգությունը» հակված է «դաշինքային, ավելի լայն լուծումների գնալ»: Միաժամանակ, ոչ կուսակցության ներսում, և ոչ էլ որևէ այլ քաղաքական ուժի հետ առայժմ չի քննարկվել ընտրություններին մասնակցելու ձևաչափը և ցուցակների հարցը:








































