Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը առաջիկա ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտում էական փոփոխություններ չի ակնկալում: Նա այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
«Սոցիոլոգիական հարցումներից, իմ դիտարկումներից, նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով` պիտի որ մոտավորապես նույն արդյունքները լինեն։ Հանրապետական կուսակցությունը բնական է, որ պիտի լինի: Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև է լինելու ձայների մեծ մասի պայքարը, և կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը իր արդյունքը համարյա կկրկնի` մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ», – հայտարարել է Մանուկյանը։
ԱԺՄ ղեկավարը հավելել է, թե փոփոխություն կարող է լինել ընդդիմադիր դաշտում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը կարող է զբաղեցնել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հարցին, թե Ազգային ժողովրդավարական միությունը մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանել է` դա կուսակցությունը պիտի որոշի:
«Մոտ ժամանակներս երևի կամ վարչության նիստով կամ խորհրդի նիստով կորոշվի», – ասել է նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-«Բարգավաճ Հայաստան» հնարավոր համագործակցության մասին խոսակցություններին, Վազգեն Մանուկյանի կարծիքով` «դրանք սովորական ընտրական տեխնոլոգիաներ են»:









































