Հայտնի է, որ երեկ Երևանում կայացած Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության խորհրդի ընդլայնված նիստում հրաժարական տվեց խորհրդի նախագահը` Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Այսուհետ Հայաստանի կողմից կազմակերպության աշխատանքները կհամակարգի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից փորձեց պարզել` ի՞նչն է արդյոք եղել Ն.Սարգսյանի հրաժարականի իրական պատճառը:
Մ. Մինասյանի խոսքով, Ն. Սարգսյանը հրաժարական է տվել Սփյուռքի նախարարության ջանքերով ստեղծված Ճարտարապետների ու ճարտարագետների համահայկական միությունից, որի կոորդինատորն էր մինչև երեկ: «Քանի որ նա շատ զբաղված է, կոորդինատորի աշխատանքները կկատարեն այդ միության համանախագահները` կատարցի մի համանախագահ և Աշոտ Գրիգորյանը»,- հայտնեց Մ. Մինասյանը:
Նրա խոսքով, Նարեկ Սարգսյանը դուրս է եկել միմիայն ժամանակ չունենալու պատճառով: «Այլ խնդիրներ ընդհանրապես չեն եղել: Իրոք դուրս է եկել ժամանակ չունենալու պատճառով: Եթե դա միություն է, այն իր կանոնակարգն էլ ունի, որ ինչ-որ ժամանակից հետո պետք է կատարվի ընտրություն, փոխվի: Նա էլ խնդրել է, որ իրեն համանախագահներով փոխարինեն»,- խոսքը եզրափակեց Ճարտարապետների միության նախագահը:









































