Հայ հասարակությունը չհասցրեց երկար վայելել Տիգրան Սարգսյանի արկածները: Նրան երեկ օգնության հասավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հարձակվել է գործարար Սիլվա Համբարձումյանի վրա: Նույնիսկ չի բացառվում, որ Սուրիկ Խաչատրյանը վարչապետի արկածներից հասարակության ուշադրությունը շեղելու համար է արել սույն «քաջագործությունը»:
Մի քանի տարի առաջ, երբ Խաչատրյանը՝ Լիսկան, հերթական «քաջագործությունն» էր արել Սյունիքի մարզում, բռնության ենթարկելով հերթական քաղաքացուն, մամուլը գրել էր այդ մասին, իսկ Տիգրան Սարգսյանն էլ մամուլի հետքերով հանձնարարել էր պարզել իրավիճակը: Դե, բնականաբար, պարզեցին ու Սուրիկ Խաչատրյանին ջրից չոր դուրս բերեցին: Եվ հիմա երևի Լիսկան փոխհատուցում է Տիգրան Սարգսյանի այն ժամանակվա լավությունն ու ինքն է նրան պատասխան լավությունն անում, հասարակական ուշադրությունը մարզահամերգային համալիրում եղած արկածից տեղափոխելով «Արմենիա Մարիոթում» կատարվածի վրա: Սա հայաստանյան այսօրվա իշխանության դեմքն է, մեկը հարբում ու ելույթ է ունենում, մյուսը հանրահայտ հյուրանոցի նախասրահում վայրենու նման մարդու վրա է հարձակվում, այն էլ՝ կնոջ… Երրորդն էլ վախից քիչ է մնում հրաժարվի ինքն իր գոյությունից:
Խոսքը տվյալ դեպքում Խաչիկ Մանուկյանի մասին է, որը ևս գործարար է, պատգամավոր: Սիլվա Համբարձումյանը մամուլին հայտնել է, որ Լիսկային փորձել են կանխել մի քանի մարդիկ, այդ թվում և՝ Խաչիկ Մանուկյանը: Թվում է, թե տղամարդու համար սրանից ավելի լավ «ռեզյումե» չի կարող լինել, երբ ինքը պաշտպանել է կնոջը վայրենաբարո հարձակումից: Սակայն Խաչիկ Մանուկյանը հրաժարվում է իր առաքինի արարքից և հայտարարում, որ ինքը եկել է, երբ բանը բանից անցել էր, և ինքը ոչինչ չի տեսել: Զարմանալի չէ, որ հայաստանյան պատգամավոր գործարարը կարող է իր իշխանակից գործընկերոջ խուլիգանությունը կոծկելու համար հրաժարվել առաքինությունից:
Առաքինությունն իշխանական շրջանակներում արժեք չունի, այստեղ արժեքավոր է թայֆայի գաղափարը, երբ ամեն մեկը իր բարոյական պարտքն է համարում «պահել» մյուսին: Այդպես էլ թայֆայի օրենքներով արդեն քանի տարի իշխանությունը պահում է Սյունիքի մարզում կատարյալ ֆեոդալական տիրապետություն հաստատած Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, չնայած այն բազմաթիվ ահազանգերին, որ նրա և նրա հարազատերի արարքների մասին հնչել են հայկական մամուլում: Եթե Հայաստանի իշխանությունը ժամանակին կանխեր Լիսկային և նրան պահեր համապատասխան տեղում, ապա այսօր չէր լինի այն խայտառակ պատկերը, որ կա: Թեև Հայաստանի իշխանության մեջ ով է իր տեղում, որ Լիսկային էլ իր տեղը դնեին:










































