«Արմատ» մամուլի ակումբի այսօրվա հյուրն էր Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
«ԼՂ հարցը Մոսկվայի և Բաքվի միջև առևտրի առարկա չի կարող հանդիսանալ: Հնարավոր է` ոմանք կցանկանային, որ այդպես լիներ, բայց դա այդպես չէ»,- նկատեց Արեշևը` հավելելով, որ հայկական կողմի վրա ԼՂ հարցով ճնշումները, այլ շահեր ապահովելու նպատակով, անիրականանալի են:
ԼՂ կարգավորման գործընթացում ՌԴ ակտիվ միջնորդությունը կշարունակվի՞ Պուտինի նախագահության շրջանում` հարցին Արեշևը պատասխանեց. «Բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, անշուշտ, կշարունակվի, իսկ Ռուսաստանի հետագա ակտիվ, հստակ քաղաքականությունը չէր վնասի այս հարցում:
Որքան ուժեղ լինեն Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, այնքան Լեռնային Ղարաբաղը երաշխավորված կլինի ռազմական գործողությունների բռնկումից»,- հայտարարեց Անդրեյ Արեշևը:
Ռուսաստանցի քաղաքագետը, սակայն, բեկում չի ակնկալում ԼՂ կարգավորման գործընթացում, քանի որ և՛ Հայաստանում, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներում նախընտրական փուլ է մեկնարկելու:







































