Բանգկոկի քաղաքապետարանն այսօր հայտարարել է, որ վերջին 50 տարիների ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքով տուժել է 494,893 մարդ, մասամբ ջրի տակ է անցել քաղաքի 12 թաղամաս: Այս մասին գրում է РИА Новости-ն, վկայակոչելով թաիլանդական ԶԼՄ-ները:
Հոկտեմբերի վերջին, երբ քաղաքի ծայրամասերում հավաքված ջուրը սկսեց ներթափանցել քաղաքի կենտրոնական հատվածներ, քաղաքի 50 թաղամասերից 12-ն ամբողջությամբ կամ մասամբ հայտնվեցին 20 սանտիմետրից մինչև 2 մետր խորությամբ ջրի տակ:
Բանգկոկում ընդհանուր առմամբ ապրում է 12 մլն մարդ՝ ներառյալ օտարերկրացիները:
Մասնագետները տեղեկացնում են, որ այժմ ջուրն աստիճանաբար սկսում է նվազել: Նրանց կարծիքով՝ ջրհեղեղը կենտրոնական Բանգկոկ չի հասնի, եթե ջուրը քաշելու համակարգում խոշոր վթար տեղի չունենա:








































