Այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ մանկապիղծների նկատմամբ, որպես հարկադրանքի միջոց, քիմիական ստերջացման կիրառման հնարավորությունը թեմայով: Քննարկումը կազմակերպվել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կողմից:
Նմանատիպ հարկադրանքի միջոց կիրառելու առաջարկությունը ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը Վիկտոր Դալլաքյանի կողմից: Առաջարկվել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ, որը վերաբերում է օրենսգրքի 15-րդ գլխում նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը նոր միջոցով՝ «քիմիական եղանակով ստերջացմամբ» համալրմանը: Նախագծով կարգավորվում է ստերջացման ենթակա անձանց շրջանակը, ինչպես նաև ստերջացման իրականացման կարգը: Քիմիական եղանակով ստերջացումը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում` Գերմանիա, Շվեդիա, Դանիա, Միացյալ Թագավորություն, Չեխիա և այլն: ՌԴ-ում նույնպես առաջարկվել է քիմիական եղանակով ստերջացմանը վերաբերող նախագիծ:
Հանդիպման նպատակն էր քննարկել, թե Հայաստանում որքանով է հնարավոր մանկապիղծների նկատմամբ նման հարկադրանքի միջոց կիրառելը: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ Ազգային ժողովի պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովից, միջազգային և տեղական կազմակերպություններից:
Քննարկմանը օրենքի նախագիծը, դրա շրջանակում մարդկանց պաշտպանվածությունը և օրենքի իրացման կարգը մասնակիցներին ներկայացրեց նախագծի հեղինակ Դավիթ Թումասյանը: Նա մեկնաբանեց, որ ստերջացումը ոչ թե պատիժ է մանկապիղծների համար նախատեսված, այլ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:
«Մինչ ստերջացումը անցկացվելու է բժշկական համալիր հետազոտություն, ֆիզիոլոգիական հանգամանքներն են հաշվի առնվելու, հաշվի է առնվելու նաև այն փաստը, թե այս ստերջացումը կառաջացնի՞ ագրեսիա տվյալ անձի մոտ, թե՝ ոչ: Ստերջացումը տևում է մեկ տարի, որից հետո էլի բժշկական եզրակացությամբ կամ ազդեցությունը վերականգնվում է համապատասխան միջոցներով, կամ դադարեցվում է»,- նշեց Դ. Թումասյանը:
Կարևորելով ստերջացման գործընթացում բանիմաց հոգեբանների դերը՝ նա նշեց, որ ամբողջ ընթացքում մանկապիղծի հետ աշխատելու է հոգեբանը: «Մինչ ստերջացումը հոգեբանը պետք է բացատրի, որ դա արվում է իր և հանրային պաշտպանության համար, եթե անձն առաջին անգամ է մանկապղծություն արել, ապա առաջին անգամ հնարավոր է սահմանափակվել միայն հոգեբանական միջամտությամբ, իսկ եթե արդեն մի քանի անգամ է արել, ապա հարկադրաբար է ներարկվելու ստերջացնող շիճուկը»,- ասաց նախագծի հեղինակը` հավելելով, որ եթե անձը կամավոր ընդունում է իրեն ստերջացնելու միտքը, ապա նրա պատժի ժամկետը նույնպես կրճատվում է: Նա հնարավոր է համարում նաև այն, որ հոգեբանն ախտորոշի, որ անձի մոտ չկա պերվերսիա և ազատի հարկադրական բնույթի բժշկական միջամտությունից:
Դավիթ Թումասյանը հույս հայտնեց, որ այսկերպ կկանխվեն նմանատիպ հանցագործությունները`հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ում արդեն երկար ժամանակ հաջող օգտագործվող պրակտիկա է:








































