«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը բոլոր բնասեր քաղաքացիներին և հատկապես ուսանողությանը կոչ է անում մասնակցել նոյեմբերի 1-ին նախատեսվող հզոր ցույցին: Մինչ մի խումբ երիտասարդներ հենց Թռչկանի մոտ գիշերուզօր հերթապահում են, որպեսզի Թռչկանի ջուրը թեկուզ մեկ կաթիլով չպակասի, Երևանում «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները կառավարությանն ու բնապահպանության նախարարությանը փորձելու են ստիպել վերջապես օրինական լուծում տալ Թռչկանի հիմնախնդրին, իսկ դրա համար կոչ են անում համախմբվել:
«Եկեք ապացուցենք, որ վրանային ճամբարի մասնակիցները մենակ չեն, նրանց աջակցում են առնվազն 500, 1.000 կամ ավելի մարդ… մենք ենք այս երկրի տերը, և մենք չենք վաճառում մեր Թռչկանը»,- նշված է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության հայտարարության մեջ:
Թռչկանի ջրվեժի պահպանության համար երիտասարդները կոչ են անում երեքշաբթի օրը՝ ժամը 15:00-ին, Թռչկանի փրկության կոչերով պաստառներով հանդիպել Բնապահպանության նախարարության մոտ:







































