Թուրքիայի ու Ադրբեջանի միջև օրերս կնքված գազային պայմանագիրը ոչ միայն Ռուսաստանը շրջանցող խողովակաշարի շինարարության հնարավորություն է ընձեռում, այլ նաև ավելի է մոտեցնում այդ երկու երկրներին, ինչն էլ իր ազդեցությունը կունենա ղարաբաղյան հարցի կարգավորման վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Այս համաձայնագիրը բացում է Nabucco-ի ճանապարհը` ավելի ուժեղացնելով Ադրբեջանի կապերը և հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ավելի մեծ պատնեշ դնելով ղարաբաղյան կարգավորման հարցում: Թուրքիան հայ-թուրքական գործընթացն առաջ տանելու համար է՛լ ավելի է նվիրվելու ղարաբաղյան հարցի նախապայմանին»,- նկատեց նա:
Թուրքագետի խոսքով՝ հայտնի է, որ Ադրբեջանը Թուրքիայում նավթային ոլորտում մոտ 5 մլրդ դոլարի ներդրում ունի: «Ինչ վերաբերում է այս անգամվա ներդրմանը, ապա դրա արդյունքում մոտ 10 հազար նոր աշխատատեղեր են բացվելու, բացի այդ, 270 մլն դոլարանոց ներդրմամբ ևս մեկ նավթամշակման գործարան է աշխատում, որն արտադրանք կտա արդեն 2012 թվականին»,- հիշեցրեց Արտակ Շաքարյանը:
Նշենք, որ օրերս թուրքական Իզմիր քաղաքում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև գազային պայմանագիր է կնքվել, որն արևմտյան փորձագետների գնահատականներով ճանապարհ է բացում Ռուսաստանը շրջանցող նոր խողովակաշարի շինարարության համար:
Մի քանի տարի տևած բանակցություններից հետո պաշտոնական Անկարան և Բաքուն, ի վերջո, կարողացան համաձայնության գալ «Շահ Դենիզ 2» հանքավայրից արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ արտահանելու շուրջ։
Դեռևս շրջանառվում է խողովակաշարի կառուցման երեք տարբերակ. առաջինը` Թուրքիա-Հունաստան-Իտալիա խողովակաշարը, երկրորդը`ՏրանսԱդրիատիկ գազատարը և երրորդը` Եվրամիության կողմից առանցքային նախագիծ հռչակված Nabucco-ն։








































