«Թայլանդի ջրհեղեղը հասել է Բանկոկի կենտրոնական մասերը»,- հայտնում է France-Presse գործակալությունը: Ջրի տակ է անցել քաղաքի տեսարժան գլխավոր վայրերից մեկը` Մեծ պալատը:
Al-Jazeera արաբական հեռուստաընկերության տվյալներով՝ ներկայումս քաղաքը լքում են բազմաթիվ մարդիկ: «Իշխանությունները հրաման են տվել տարհանել Բանկոկի հյուսիսային երեք շրջանների բնակիչներին»,- հայտնում է Reuters գործակալությունը:
Բոլոր գնացքները լի են մարդկանցով, մարդիկ կուտակված են կայարաններում, քաղաքի գլխավոր օդանավակայանը դեռ աշխատում է նորմալ ռեժիմով: France-Presse գործակալության հաղորդմամբ՝ քաղաքի հյուսիսում տեղակայված մեծությամբ երկրորդ օդանավակայանը դադարել է գործել ջրհեղեղի պատճառով:
Ջրհեղեղից պաշտպանվելու պետական կենտրոնից (FROC) հայտնել են, որ պատրաստ են Թայլանդի 12- միլիոնանոց մայրաքաղաքի տարհանված բնակչությանն ապաստան տրամադրել:
Գիտնականները կանխատեսում են, որ ջրի մակարդակը կբարձրանա, քանի որ ջրհեղեղի հետևանքով գետերի ջրերի մակարդակը նույնպես բարձրացել է, և շուտով դրանք կմիանան տարվա այս ժամանակահատվածին բնորոշ ջրերի հոսքերին: Սպասվում է, որ այն կշարունակվի երկու շաբաթից մինչև մեկ ամիս:
Հիշեցնենք, որ Թայլանդում ջրհեղեղները սկսվել էին հուլիսին, դրանք խլել են 373 մարդու կյանք: Երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգներում տուժածների թիվը հասնում է երկուսուկես միլիոնի, վնասների չափը գնահատվում է միլիարդավոր դոլարներ:









































