Բնակչության անապահով խավն այնպիսի աղքատիկ սննդակարգ ունի, որ մասնագետները շտապում են զգուշացնել թերսնման վտանգի մասին:
Մանանա Վարդիաշվիլի, Կովկաս
Կովկասյան լրատու # 569
4-ը դեկտեմբերի, 2010թ.
«Այս տարի Վրաստանում սննդամթերքի գների այնպիսի կտրուկ աճ է գրանցվել, որ բժիշկները և մասնագետները ահազանգում են բնակչության աղքատ շերտերի մոտ թերսնման վտանգի մասին:
Իր խոհանոցով և բերրի հողերով հայտնի Վրաստանը մեծապես կախված է ներմուծված սննդամթերքից, և մթերքի միայն 12 տոկոսն է երկրի ներսում արտադրվում: Համաշխարհային շուկայում գրանցված կտրուկ գնաճն այդպես էլ չհաջողվեց մեղմել տեղական արտադրանքի հաշվին, որն արդեն իսկ վնասվել էր երաշտի պատճառով:
Հացահատիկի գների թանկացման հետևանքով՝ սպիտակ հացի գինը 40 թեթրիից հասել է 55-ի (մոտավորապես 30 ցենտ), իսկ վրացական «շոթի» հացի գինը դարձել է 80 թեթրի, նախկին 60-ի փոխարեն: Միսը, կաթնամթերքը և այլ ապրանքները թանկացել են միջինում 25 տոկոսով: Իսկ, օրինակ, հնդկաձավարի գինը բարձրացել է 80 տոկոսով:
«Գները համարյա օրական աճում են, իսկ մեր եկամուտը` պակասում: Պետք է մեր ունեցածով ծայրը ծայրին հասցնենք և կրճատենք ծախսերը: Քիչ թե շատ կրճատել ենք քաղցրեղենի և մրգի վրա ծախսվող գումարը: Պետք է փող հետ գցել, որովհետև սննդամթերքի գները, հավանաբար, կշարունակեն աճել նաև ձմռանը»,- ասում է Թբիլիսիի 32-ամյա բնակչուհի Լիա Սեֆաշվիլին:
48-ամյա Մարինա Սիբաշվիլին ասում է, որ այժմ միայն սննդամթերք գնելու համար ամսական 500 լարի (մոտավորապես 280 դոլար) է ծախսում, ինչը կազմում է նրա`4 անդամից բաղկացած ընտանիքի բյուջեի 70 տոկոսը:
«Մեր սնունդն առանձնապես բազմազան չէ` կարտոֆիլ, մակարոնեղեն, բրինձ, լոբի, թեյ, բուսական յուղ, և այսպես շարունակ: 500 լարիով հնարավոր չէ ձուկ կամ միս առնել: Երբեմն կարող ենք սառեցված հավի կտորներ մեզ թույլ տալ: Երեխաներս 13 և 14 տարեկան են, և ես իսկապես վախենում եմ, որ նրանք բավարար սնունդ չեն ստանում»:
«Բայց ի՞նչ կարող եմ անել: Պետք է մի կերպ ապրել: Անհրաժեշտ է մուծել հարկերը և շարունակել վճարել մեր երեխաների կրթության համար, այդ պատճառով էլ ուտելիքն ընտրում ենք`հիմնվելով ոչ թե անհրաժեշտության կամ օգտակարության, այլ գների վրա»,- բացատրում է կինը:
Սննդի քաղաքականության հետազոտության ինստիտուտի` 2010-ի համար հրապարակած Սովի գլոբալ ինդեքսի համաձայն` վերջին քսան տարիների ընթացքում Վրաստանին հաջողվել է բարելավել բնակչության սննդառության միջին մակարդակը, սակայն «թերսնման չափավոր մակարդակը» դեռևս պահպանվում է:
Վրաստանի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի վիճակագիր Սոսո Արչվաձեն նշում է. «Ներկայում բնակչության 5-7 տոկոսը տառապում է քաղցից: Նրանք օրական 1600 կիլոկալորիայից պակաս են սպառում: Բացի այդ, բնակչության 30-40 տոկոսը պատշաճ սնունդ չի ստանում: Նրանք ստանում են բավարար չափով կալորիաներ, սակայն ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի հարաբերակցությունը նրանց մոտ սխալ է: Կարելի ամբողջ օրը հացի և շաքարաջրի հաշվին ապրել, սակայն դա չի կարելի պատշաճ սնունդ համարել»:
Բժշկական փորձագետների խոսքերով` Վրաստանի բնակչության սննդառության մակարդակի վերաբերյալ վերջին տարիներին համապարփակ ուսումնասիրություն չի իրականացվել:
«Դժբախտաբար, ֆինանսական միջոցների պակասը թույլ չի տալիս սննդառության տարբեր կատեգորիաների ուսումնասիրություններ իրականացնել: Պետք է պարզենք` արդյո՞ք սննդամթերքի պակաս կա: Մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գյուղերի բնակչության մի մասը օրական ընդամենը մեկ կիլոգրամ հաց է սպառում, ուրիշ ոչինչ»,- ասում է Սանիտարիայի և հիգիենայի հետազոտական ինստիտուտի մասնագետ Գուլիկո Դվալին:
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի տվյալներով` սննդառության մակարդակի վերաբերյալ վերջին ուսումնասիրությունն իրականացվել է 2009 թվականին, սակայն անցկացվել է միայն 5 տարեկանից փոքր երեխաների, հղիների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում:
«Այս ուսումնասիրության արդյունքում` հետազոտվողների մոտ քրոնիկական թերսնում, [նորմալ] սննդառության խախտում, ավելորդ քաշ և երկաթի պակասի հետևանքով առաջացած սակավարյունություն է հայտնաբերվել: Հինգ տարին չլրացած երեխաների 11 տոկոսի մոտ քրոնիկական թերսնում է հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նրանց աճը սպառնալիքի տակ էր, ևս 23 տոկոսը տառապում էին երկաթի պակասի հետևանքով առաջացած սակավարյունությամբ, որը գրանցվել էր նաև վերարտադրողական տարիքի կանանց 24 տոկոսի մոտ, ևս 42 տոկոսը տառապում էր ավելորդ քաշից», – նշում է կենտրոնի մասնագետ Լելա Ստուրուան:
«Այս հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ երկրում անհավասարակշռված սննդակարգի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել: Եթե այդ ամենին ավելացնենք մթերքների գների ներկայիս աճը և ինֆլյացիան, կարելի է ենթադրել, որ իրադրությունը կբարդանա»,- եզրակացնում է Ստուրուան:
Վրացիները տեղյակ են խնդրից, սակայն, շատերն ասում են, որ պարզապես ի վիճակի չեն իրենց ավելի օգտակար սնունդ թույլ տալ:
«Ամռանը մեր այգում աճեցրած վարունգը, լոլիկը և միրգն ենք ուտում: Միս ու պանիր լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ ենք մեզ թույլ տալիս: Ձմռանը հիմնականում բանջարեղեն ենք ուտում. սա ավելի մատչելի է»,- պատմում է Վրաստանի արևմտյան` Սիղնաղի շրջանի Վակիրի գյուղի բնակչուհի Նանա Թարքաշվիլին` նկարագրելով իրենց աղքատիկ սննդակարգը, որը համալրվում է սեփական այգում աճեցված բերքով:
«Ես աշխատավարձ եմ ստանում, և դրա շնորհիվ մենք շատերից լավ ենք ապրում: Գյուղում շատերը կայուն եկամուտ չունեն, և նույնիսկ տոն օրերին չեն կարող իրենց թույլ տալ միս գնել»:
Մանանա Վարդիաշվիլին ազատ լրագրող է:







































