Մուամար Քադաֆիի մարմինը դիահերձող բժիշկները հայտնել են, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին մահացել է հրազենային վերքերից: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Reuters գործակալությունը` հղում կատարելով դիահերձում կատարած բժիշկներից մեկին:
Դիահերձումը կատարվել է այսօր՝ վաղ առավոտյան: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Մասնավորապես՝ բժիշկը չի պարզաբանել՝ Քադաֆին գլխի՞, թե որովայնի շրջանում ստացած վերքերից է մահացել:
Միևնույն ժամանակ՝ Associated Press գործակալությունը, հիմնվելով մեկ այլ բժշկի տվյալների վրա, հայտնում, է որ Քադաֆին մահացել է գլխին ստացած հրազենային վերքերից: Մոտ ժամանակներս դիահերձման արդյունքները կհանձնվեն Լիբիայի գլխավոր դատախազին, ինչից հետո բոլոր մանրամասները կպարզաբանվեն:








































