ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվականին» տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում գտնվող Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը` Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Չարլզ-Ֆերդինանդ Նոթոմբին և գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոյին:
Ողջունելով հյուրերին`Աժ նախագահը կարևորել է «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրման գործընթացում Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով համաժողովի անցկացումը Հայաստանում` արդիական համարելով նրա թեմատիկան:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ եվրոպական ընտանիքին ինտեգրվելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից է, և համոզմունք հայտնել, որ երևանյան համաժողովը կխթանի Հայաստանի և եվրոպական կառույցների միջեւ համագործակցությունը:
Աժ նախագահի խոսքով` Հայաստանի իշխանություներն ունեն քաղաքական կամք` անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար:
Միջազգային եվրոպական շարժման նախագահ Փեթ Քոքսն էլ շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին` համաժողովն Ազգային ժողովում անցկացնելու հնարավորություն ընձեռելու և դրան մասնակցելու համար:
Նա նշել է, որ սկսված բարեփոխումներն ավելի են ամրապնդում եվրոպական արժեքների արմատավորման գործընթացը Հայաստանում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների:








































