Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների Կառավարության շենքի մոտ անցկացվող բողոքի ցույցին մասնակցող Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին բռնության գործադրմամբ տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության քննչական բաժին և ապօրինաբար ձերբակալվել։
Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել ոստիկանական ապօրինությունների դեմ պայքարելու վճռականությամբ, միևնույն ժամանակ ընդգծված օրինապաշտ կեցվածքով։ Սառնասրտորեն դիմակայելով ոստիկանների սադրանքներին, Վարդգես Գասպարին այսօր նույնպես գործել է օրենքի տառին համահունչ։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Ոստիկանության ապօրինի պահվածքը, համարելով, հատկապես նկատի ունենալով որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։ Ինչպես և Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ և վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ ազատ արձակել Վարդգես Գասպարիին և պատժել Ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք, օրենքի խախտմամբ ազատազրկել են նրան։








































