News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չեխական ČT24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.
«Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում սպառնալիք է ներկայացնում ինքն իր և իր հարևանների համար։ Նրանք հայտարարում են, որ ցանկանում են վերականգնել Խորհրդային միությունը։ Նրանք հպարտանում են նրանով, որ ցանկանում են վերականգնել ռուսական տարածքը, որոնց թվին հավելվում են խորհրդային սատելիտ երկրները, այդ թվում՝ նաև Արևելյան ու Կենտրոնական Եվրոպան։
2008 թվականին ռուսական իշխանություններն իրենց առջև նպատակ էին դրել զավթել Վրաստանը։ Այդ մասին բարձրաձայնել են Սարկոզին ու Բեռլուսկոնին, իսկ ամերիկացիներն առաջին օրից նշել են, որ ռուսներին հետաքրքրում է ոչ միայն Հարավային Օսիան։
Վրաստանը կարողացավ պահպանել իր անկախությունը, քանի որ մենք դիմադրեցինք, այլապես տանկերը մեզ կջախջախեին։ Մեր երկրի տարածքում տեղի է ունեցել 18 ահաբեկչական հարձակում, որոնք կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները։ Դա հաստատում են նաև արևմտյան հետախուզությունները։ Այդ ահաբեկչությունների թիրախում հայտնվել են նաև Թբիլիսիում գտնվող ամերիկյան դեսպանատունը, ՆԱՏՕ-ի գրասենյակը։
21-րդ դարում նման պահվածքը չի համապատասխանում իրավիճակին։ Հակամարտությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ռազմական ճանապարհով։ Ռազմական ակցիան այլընտրանք չէ»։
Սաակաշվիլին հավելել է, որ Թբիլիսին ու Վրաստանի այլ վայրերը վերածվում են անդրկովկասյան Սինգապուրի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Սաակաշվիլին Ուսուցչի տան բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Վրաստանին հակազդում է մի վիթխարի ուժ, որը ցանկանում է վերականգնել Խորհրդային միությունը. «Դա ռուս ազգայնականների ամենավայրենի գաղափարն է, որը նրանք ցանկանում են կյանքի կոչել։
Երբ նրանք ինչ-որ բան են ասում, ապա հետևում են իրենց խոսքերին։ Խորհրդային միությունն առաջին հերթին այնպիսի արժեհամակարգ էր, որը հենված էր կարծրատիպերի, էթնիկ և կրոնական խմբերի դիմակայության, հասարակության անիրազեկության, հասարակության մանիպուլյացիայի և տաղանդավոր անձանց չեզոքացման վրա»։








































