ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն ու պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի արդյունքները:
Կարեն Ավագյանը նշեց, որ այս տարիների ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր հանձնաժողովների աշխատանքներին. «Այս տարիների ընթացքում ոչ մի հակահայկական հայտարարություն չի եղել, ոչ մի հակահայկական բանաձև ՆԱՏՕ-ի ԽՎ-ում չի ընդունվել, թեև ադրբեջանական կողմը մի շարք հակահայկական բանաձևեր է ներկայացրել»:
Ավագյանը նկատեց, որ, ամփոփելով արդյունքները, կարելի է ասել՝ հայաստանյան պատվիրակությունը պատվով է ներկայացել բոլոր վեհաժողովներին, մեր պատվիրակության խոսքն այնտեղ լսելի էր:
Ստեփան Սաֆարյանը ևս համաձայնեց իր գործընկերոջ հետ և շեշտեց, որ կարողացել են թույլ չտալ, որպեսզի ՆԱՏՕ-ի վեհաժողովի նման կարևորագույն հարթակում չընդունվեն հակահայկական բանաձևեր: Սաֆարյանը նկատեց, որ բոլոր հանձնաժողովների ղեկավարների հետ ընդհանուր և առանձին զրույցներում խոսվել է ԼՂ խնդրի մասին և արվել է հնարավորը, որպեսզի ԼՂ հարցի կարգավորմանը վնասող որևէ բանաձև չընդունվի. «ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը կարևոր աշխատանք է կատարել և տարել է չերևացող, բայց շատ հստակ քաղաքական գիծ»:
Կարեն Ավագյանը նաև հավելեց, որ այս գումարման խորհրդարանի համար սա վերջին վեհաժողովն էր, քանզի հաջորդ Խորհրդարանական վեհաժողովը տեղի է ունենալու այն ժամանակ, երբ Հայաստանում նոր խորհրդարան ձևավորվի: Նա նաև նկատեց, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության առանձնահատկությունն այն է, որ այն ամենաերիտասարդ պատվիրակությունն է եղել ԽՎ-ում, ինչպես նաև՝ միայն այս պատվիրակությունն է, որ ունի երկու ընդդիմադիր անդամ:








































