Անազատության մեջ գտնվող ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը, ով հոկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել, Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հորդորով հոկտեմբերի 14-ին դադարեցրել է այն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Երկիր» ՀԿ միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:
Նրա խոսքով` Չախալյանի` հացադուլ հայտարարելուց հետո բանտի ղեկավարությունը բավարարել է վերջինիս պահանջների մի մասը, մասնավորապես` թույլատրվել է հայ հոգևորականների հետ տեսակցությունը, լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները, վերադարձվել են բռնագրավված գրքերը:
Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն իր հերթին նշեց, որ վերջինս ներկայումս պահվում է Ռուսթավիի թիվ 6 խիստ ռեժիմի բանտում: «Վրացական իշխանություններն առաջվա նման նրա հանդեպ բանտում խտրական վերաբերմունք են դրսևորում, ընդհուպ` Չախալյանին այնտեղ երկու անգամ ծեծի են ենթարկել: Նրա բանտախցում մինչև վերջերս բացակայում էին հասարակ կենսապայմանները, ջուրը, տարրական հիգիենայի միջոցները և այլն: Վահագնը հիմա էլ զրկված է հեռախոսակապից, հարազատներին տեսակցելու հնարավորությունից: Պատիժը կրելու երեք տարիներին Չախալյանն իր հարազատների հետ անմիջական տեսակցություն ունեցել է ընդամենը մեկ անգամ` 15 րոպեով»,- ասաց Ոսկանյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը, հակառակ իր սպասումների, հացադուլից հետո բավարար է եղել: «Հացադուլի ընթացքում Վահագն Չախալյանին ոչ ոք չի այցելել` ո՛չ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը, ո՛չ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեպետ նրանք տեղյակ էին վերջինիս վիճակի մասին»,- տեղեկացրեց փաստաբանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե զգո՞ւմ են հայաստանյան իշխանությունների աջակցությունը Վահագն Չախալյանի գործի առնչությամբ, «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը նկատեց, որ հայկական կողմի ճնշումները բավարար չեն, միաժամանակ առավել զգալի է հասարակական կազմակերպությունների աջակցությունը:
Թաթոյանը հիշեցրեց, որ Չախալյանին ազատ արձակելու իրենց բողոքը մեկ տարուց ավելի է`գտնվում է Եվրոպական դատարանի վարույթում: «Հարցը կքննարկվի կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին, ինչից վրացական իշխանությունները շատ են վախենում»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը ձերբակալվել և տասը տարվա ազատազրկման է դատապարտվել 2008 թվականի հուլիսի 21-ին: Նա մեղավոր է ճանաչվել «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության», «իշխանության ներկայացուցչի դեմ խուլիգանության», «զենք-զինամթերքի պահպանման» համար: Պաշտպանական կողմը համոզված է, որ բոլոր մեղադրանքները հիմնված են վերջինիս քաղաքական գործունեությանն առնչվող փաստերի կողմնակալ և խեղաթյուրված մեկնաբանման վրա:








































