The New York Times-ի փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկին ԱՄՆ-ն և Իսրայելը մշակել էին ռեժիմի փոփոխության հավակնոտ ծրագիր, որի նպատակն էր երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունից հետո իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։
Ըստ աղբյուրի՝ Դոնալդ Թրամփը ցանկացել է կրկնել Վենեսուելայի մոդելը, որտեղ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո իշխանությունն անցավ Դելսի Ռոդրիգեսին։
Ամերիկյան պաշտոնյաները Ահմադինեժադի թեկնածությունը համարել են անսպասելի՝ հաշվի առնելով նրա հակաիսրայելական ու հակաամերիկյան անցյալը, սակայն հիմնվել են վերջին տարիներին Իրանի հոգևոր էլիտայի հետ նրա ունեցած սուր հակասությունների վրա։
Այդուհանդերձ, «փախուստի օպերացիան» ձախողվել է։ Պատերազմի առաջին օրը Թեհրանում Ահմադինեժադի տան ուղղությամբ իսրայելական ավիահարվածը, որի նպատակն էր ոչնչացնել նրան տնային կալանքի տակ պահող հսկիչներին, վիրավորել է նախկին նախագահին։
Դրանից հետո Ահմադինեժադը հրաժարվել է համագործակցել և անցել ընդհատակ. նրա ներկայիս գտնվելու վայրն ու առողջական վիճակն անհայտ են։









































