ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում մայիսի 14-ին, ժամը 15։36-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։









































