Եվրոպայի խորհրդին Հայաստանը և Ադրբեջանը միաժամանակ են անդամակցել։ Ստրասբուրգում այդ ԵԽԽՎ հանդիսավոր նիստ է հրավիրվել, որից հետո երկու երկրների նախագահները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ Այդ տեսագրությունը պահպանվել է, Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը, երևի, մեկ շաբաթ առաջ տարածել էր, որպեսզի հանրությունը վերաթարմացնի «հաղթական դարաշրջանի» մասին հիշողությունները։
Իրականում մամուլի ասուլիսը այն մասին է, որ կողմերը հանձնառու են ղարաբաղյան հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորմանը։ Նախագահները խոսում են իրենց ուղղակի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ բանակցությունների մասին, փոխադարձաբար հաստատում, որ Ստրասբուրգից հետո մեկնելու են Փարիզ, որտեղ ծրարգրված է բանակցությունների ևս մեկ փուլ։
Ովքեր փոքրիշատե տեղյակ են այդ գործընթացից, հասկանում են, որ Քոչարյանը և Ալիևը Ժակ Շիրակի միջնորդությամբ քննարկում էին ղարաբաղյան կարգավորման այն սկզբունքները, որ հետագայում ստացան «քիուեսթյան փաթեթ» անվանումը։ ԵԽ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունից երեք ամիս անց Հեյդար Ալիևը հրաժարվել է ստորագրել միջնորդների մշակած փաստաթուղթը, և գործընթացը «հանձնվել է Լեթայի ջրերին»։
Ինչո՞վ է հիշարժան ԵԽԽՎ այդ նստաշրջանը։
Արդեն 2000թ․-ի աշնանը հայտնի էր, որ Հայաստանը և Ադրբեջանը անդամակցում են Եվրոպայի խորհրդին։ Տողերիս հեղինակը մի քանի ամիս առաջ ԼՂՀ ԱԺ պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էր ընտրվել։ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գլխավորում էր Հովհաննես Հովհաննիսյանը։ Մենք ծանոթ էին առաջին գումարման Գերագույն խորհրդից։
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հովհաննես Հովհաննիսյանը ջանքեր էր գործադրել, որպեսզի Ստրասբուրգ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում ԼՂՀ ԱԺ-ն գոնե մեկ ներկայացուցիչ ունենա։ Ստեփանակերտի ընդրությունը կանգ էր առել նվաստիս վրա։ Անձնագրի, վիզայի հարցերը կարգավորված էին, սպասում էինք վերջնական հրավերի, որ այդպես էլ չստացվեց։ Պատվիրակության կազմը հաստատելիս նախագահականում իմ անուն- ազգանունը ջնջել էին։
Եթե խնդիրը անձնական լիներ, անգամ վերջին պահին կարող էին ինձ փոխարինել Ռոբերտ Քոչարյանի համար ցանկալի մեկ այլ անձով։ Նման առաջարկություն չի արվել, ուստի հասկանալի էր, որ ԼՂՀ ներկայացուցիչը Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում չի ընդգրկվել, քանի որ կամ Ադրբեջանը նախապես դեմ է եղել, կամ Քոչարյանը զգուշացել է, որ Հեյդար Ալիևը Ստրասբուրգում «սկանդալ կստեղծի»։
Ահա Ադրբեջանին «ծնկի բերելու» այսպիսի պատմություն։







































