Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն մայիսի 6–ին հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա Հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզադաշտերի կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացումը Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությանն ընդառաջ՝ հիշեցնելով, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի և Վրաստանի համատեղ հայտը։ Մրցաշարի շրջանակում Հայստանում խաղերը կանցկացվեն Երևանում, Վանաձորում և Իջևանում։
Նախարարն ընդգծել է՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն սպորտային ենթակառուցվածքների զարգացման, այլև տարածաշրջանային զբոսաշրջության և ենթակառուցվածքային բարելավումների տեսանկյունից։ Ուստի, աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել սահմանված ժամկետներում և միջազգային չափանիշներին համապատասխան որակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև FIFA-ի և UEFA-ի տեխնիկական պահանջներին համապատասխանեցման հարցերը։ Նշվել է, որ ըստ գործող կանոնակարգերի՝ մարզադաշտերը պետք է շահագործման հանձնված լինեն մրցաշարից առնվազն վեց ամիս առաջ։
Քննարկվել են նաև ենթակառուցվածքային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ճանապարհային հասանելիությանը, լոգիստիկ խնդիրներին, ջրամատակարարմանը, հրդեհային անվտանգության համակարգերին, ինչպես նաև հարակից տարածքների ընդլայնման հնարավորություններին։ Նշվել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով կձևավորվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն պատասխանատու բոլոր կառույցները։







































