Տպավորությունը, որ Ռուսաստանի նախագահի և Իրանի արտաքին գործերի նախարարի բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը իրանա-ամերիկյան կարգավորման միջնորդություն կստանձնի, գործնականում չի հաստատվել, ԱՄՆ-ին արված Իրանի վերջին առաջարկությունը Վաշինգտոնը, ինչպես և նախկինում, ստացել է Իսլամաբադի միջոցով։
Իրանի շուրջ բարդ և որևէ կանխատեսման չտրվող իրավիճակում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությանը «մաքսային պատերազմ հայտարարել»՝ քսանհինգ տոկոսով բարձրացնելով ԵՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքը։ Թրամփը նաև հայտարարել է Գեմիանիայից հինգ հազար ամերիկացի զինվորականների դուրս բերելու մասին։
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները Թրամփի այդ որոշումը գնահատել են որպես «կանցլեր Մերցից վրեժխնդրություն»։ Վերջինս ավելի վաղ Թրամփին քննադատել է Իրանի դեմ պատերազմ վարելու և պատերազմից դուրս գալու «համակարգված քաղաքականություն չունենալու» համար։ Լեհաստանի վարչապետ Տուսոկը Գերմանիայում ամերիկյան զորքերի թվակազմի կրճատումը համարել է «աղետ»։
Ըստ երևույթին, այդ գնահատականի համար որոշակի հիմքեր կան, ինչի վկայություն է ռուսաստանյան պետական լրատվամիջոցների անթաքույց հրճվանքը։ ՌԻԱ Նովոստին նույնիսկ ձևակերպել է, որ «Թրամփը Եվրոպայից վրեժ է լուծում հանուն ԱՄՆ-ի և Ռուսաստանի»։ Մեկնաբանի գնահատմամբ, Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելով՝ Դոնալդ Թրամփը «կարգավորման բանակցություններից եվրոպացիներին և ուկրաինացիներին վերջնականապես դուրս է թողնում»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի ակտիվ փուլում հայտարարել է Թրամփ-Պուտին անքորիջյան պայմանավորվածությունների «գոլորշիանալու» մասին, իսկ Անթալիայի դիվանագիտական խոորհրդաժողովի պանելային քննարկումներում ուկրաինական կարգավորումը առաջնահերթություն չի համարել։
Մայիսի 2-ին Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին փակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ։ Իսրայելակական մամուլը ենթադրել է, որ քննարկվել է «ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի ռազմավարական դաշնակիցների ջանքերը համակարգելու հարցը»։ Այս ամիս նախատեսված է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների Պեկին այցը։
Կարեւոր է նկատել, որ ԱՄՆ-Եվրոպա լարվածությունը սրվել է Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթաժողովի շեմին։ Այս համատեքստում ընդգծվում է Եվրախորհրդարանի և Եվրանեսթի հետ բոլոր կապերը խզելու մասին Ադրբեջանի Միլլի մեջլիսի որոշումը։ Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, որ նաև խորհրդարանի իշխող մեծամասնության պատգամավոր է, մեկնաբանել է, որ այդ քայլով Ադրբեջանը «Եվրամիության հետ հարաբերությունները իջեցրել է զուտ առևտրատնտեսական մակարդակի՝ բացառելով քաղաքական բաղադրիչը»։










































