Ռուսաստանը սկսել է քայլեր ձեռնարկել Վենեսուելայում Մոսկվայի համար վտանգավոր իրադրության առաջացման հետ կապված: Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ՝ Կարակաս է մեկնել երկրի փոխվարչապետ Իգոր Սեչինը: Ինչպես գրում է Коммерсант թերթը, նրա «բլից այցը» կապված է Ուգո Չավեսի` Լատինական Ամերիկայում Ռուսաստանի գլխավոր գործընկերոջ հիվանդության հետ: Եթե քաղցկեղով հիվանդ Չավեսը մահանա կամ հրաժարական տա` աթոռը զիջելով ընդդիմադիրներին, ապա դա Ռուսաստանի համար կարող է հանգեցնել բազմամիլիարդանոց կորուստների նավթային ոլորտում:
Բացի այդ, Վենեսուելան Ռուսաստանի համար Հնդկասանից հետո երկրորդ զենք գնող երկիրն է: Ընդ որում, Կարակասն այդ զենքը մասամբ գնում է ռուսական փողերով։ Մասնավորապես՝ 2009 թ. Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հետո Մոսկվան Կարակասին փոխանցեց 2.2 մլրդ դոլար: Եթե Չավեսը դուրս գա քաղաքական թատերաբեմից, Ռուսաստանը կարող է ոչ միայն զրկվել նոր զենքի պատվերներից, այլև չի ստանա արդեն ուղարկված զենքի գումարները: