Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ հունիսի 27-ին ազդարարեցին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին:
Միջոցառմանն Աննա Վարդապետյանը նշեց, որ իր ուսանողության տարիներին երբեմն հակադրվում էին տեսական գիտելիքն ու պրակտիկ աշխատանքը, ուստի որոշել են ստեղծել յուրահատուկ հարթակ, որը տեսական գիտելիքի և պրակտիկ աշխատանքի հանդիպման վայր կդառնա, կլինի ոչ թե վերացական հարթակ, այլ իրական՝ սեղան, աթոռ, գրատախտակ և այլն։
«ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ շատ ենք քննարկել այս հարցն ու նպատակ ունենք այստեղ առաջին հերթին ապահովել մեր ուսանողների պրակտիկայի, դատախազների հետ վարպետության դասերի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների, սեմինարների անցկացումը, այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ գիտելիք ստանալ»,-ընդգծեց Վարդապետյանն ու հավելեց՝ արդեն կան ուսանողներ, որոնք հետաքրքրված են լաբորատորիայով, ցանկանում են ընդգրկվել լաբորատորիայի աշխատանքներում։ Նրանց այդ հնարավորությունը կտրվի։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հավաստիացմամբ՝ միայն տեսական և պրակտիկ գիտելիքի համադրումը կարող է արդյունք տալ։ «Տարբեր մասնագիտությունների գծով փորձում ենք ունենալ նմանատիպ հարթակներ, մեր ուսանողներին ուղարկել արտադրական պրակտիկայի՝ կազմակերպություններ, այս դեպքում՝ դատախազություն։ Մեր շատ ուսանողներ պրակտիկա են անցնում պաշտոնական մարմիններում, բայց սա բոլորովին այլ մոտեցում է, երբ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը հենց ՀՀ գլխավոր դատախազությունում է, և ուսանողները հնարավորություն են ունենալու շփվելու դատախազների հետ։ Իհարկե, նրանք կունենան հասանելիության որոշ սահմանափակումներ գաղտնի գործերի հետ»,-ասաց ռեկտորը։
Նա շեշտեց՝ պրոֆեսիոնալ դատախազների, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մասնագետների առկայությունը կբերի նրան, որ ուսանողները ստանան այն որակյալ գիտելիքն ու հմտությունները, որոնք նրանց հարկավոր են պրոֆեսիոնալներ դառնալու համար։
Հովհաննիսյանի խոսքով՝ պետական հաստատություններում աշխատող մարդկանց մեծ մասը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնք նախընտրում են մնալ երկրում, աշխատել իրենց հայրենիքում և զարգացնել ու հզորացել երկիրը։ Ըստ նրա՝ այդ տեսանկյունից ԵՊՀ-ի դերը երկրի զարգացման գործում կրկնակի կամ առավել կարևորություն է ձեռք բերում։
«Հայ իրավաբանական միություն» կազմակերպության ներկայացուցիչ Քրիս Պարնագյանն էլ շեշտեց, որ իրենց միությունը հպարտ է համագործակցել և աջակցել նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով՝ իրենց միությունում բազմաթիվ տաղանդավոր քրեական և այլ ոլորտների փաստաբաններ կան, որոնք կարող են համագործակցել լաբորատորիայի հետ։ Իրենք անհամբեր սպասում են օրակարգի քննարկմանը և շոշափելի արդյունքների։
Երևանի պետական համալսարանի իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև 2024 թվականի օգոստոսի 28-ին ստորագրված՝ մտադրությունների վերաբերյալ հայտարարությունը:
Իրավաբանական լաբորատորիան մասնագիտական ոչ ֆորմալ կրթության հարթակ է, որտեղ նախատեսվում է կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ: Լաբորատորիայում նախատեսվում է ունենալ պարբերաբար թարմացվող մասնագիտական գրականություն և այլ նյութեր:
Լաբորատորիայի շրջանակում նախատեսվում է կազմակերպել փորձի փոխանակում՝ սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների և Լաբորատորիայի շահառուների մասնակցությամբ:







































