Ուկրաինան և Միացյալ Նահանգները գտնվում են օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի շուրջ բանակցությունների վերջին փուլում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ Կիևը և Վաշինգտոնը երկուսն էլ շահագրգռված են նրանով, որ ԱՄՆ-ին հասանելի դառնան Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղները, սակայն նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ցանկացած նման գործարք պետք է ներառի անվտանգության կոնկրետ երաշխիքներ:
«Ուկրաինայի և ԱՄՆ-ի թիմերը հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին փուլում են: Բանակցությունները շատ կառուցողական են եղել և գրեթե բոլոր հիմնական մանրամասները վերջնական տեսքի են բերվել», – գրել է փոխվարչապետը։
Նա հույս է հայտնել, որ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ուկրաինայի ղեկավարները կարող են ստորագրել և հաստատել այն Վաշինգտոնում, հնարավորինս սեղմ ժամկետում:







































