«Անադոլուն» փոխանցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի կոնցեպտուալ հայտարարությունը. «Միացյալ Նահանգները տեսնում է տարածաշրջանում անվտանգության պահպանման համար ցանկացած քայլի դիմելու մեր պատրաստակամությունը: Նրանք նաև գիտակցում են, որ մենք մի շարք հարցերում սպասում ենք իրենց դիրքորոշման փոփոխությանը: Եթե մենք որոշ գործողություններ իրականացնում ենք հատուկ ձևով, դա կապված է մեր սպասումները կատարելու համար պայմանների ստեղծման հետ: Բայց եթե իրավիճակը պահանջի այլ մոտեցում, ապա անհրաժեշտ միջոցները ձեռք կառնվեն»- ասել է Ֆիդանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այնուհետև մանրամասնել է սպասելիքները, որ, եթե ընդհանրացնելու լինենք, հանգում են մի բանի: Միացյալ Նահանգների նոր վարչակազմը պետք է խզի Սիրիայի հյուսիսի քրդական փաստացի ինքնավարության հետ բոլոր կապերը, տեղաշրջանից հեռացնի իր զորախումբը և հնարավորություն ընձեռի, որպեսզի Անկարան «ավարտին հասցնի քուրդ ահաբեկիչների դեմ հատուկ ռազմագործողությունը» և Իրաքի տարածքով «Զարգացման ճանապարհ» տրանսպորտային միջանցքի ու Էրբիլ-Բաղդադ նավթատար խողովակաշարի գործարկմամբ վերափոխի Մերձավոր Արևելքի ռազմական և տնտեսակոմունիկացիոն պատկերը:
Ընդ որում՝ Ֆիդանը Թուրքիայի համար այդ հնարավորությունը տեսնում է ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման համատեքստում: Հասկացվում է, որ «աշխարհի վերաբաժանումից» Անկարայի հիմնական ակնկալիքը Մերձավոր Արևելքի ռազմական, տնտեսական, կոմունիկացիոն եւ լոգիստիկ պարեկությունն է՝ որպես ԱՄՆ դաշնակցի եւ ՆԱՏՕ-ի անդամի: Ուշագրավ է, որ Ֆիդանն այդ սպասումները հնչեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո:
Թուրք դիվանագետը, որ նախկինում գլխավորել է Ազգային հետախուզության ծառայությունը, թույլ է տվել ասել, որ եթե ԱՄՆ-ն փորձի Իրանին և տարածաշրջանում նրա պրոքսի ուժերին հարվածներ հասցնել, ապա Սիրիայի հյուսիսում գտնվող ամերիկյան զորախումբը կհայտնվի «ռազմական պատանդի վիճակում»: Ըստ երևույթին՝Թուրքիան նույն մոտեցումն ունի նաև Սիրիայում Ռուսաստանի հենակայանների վերաբերյալ:
Որքանով հասկացվում է, Թուրքիան նախատեսում է Իրաքի և Սիրիայի տարածքում լեգիտիմացնել իր ռազմական ներկայությունը: Այդ ծրագիրը միաժամանակ և՛ Իսրայելի դեմ է, և՛ Իրանի: Ֆիդանը քննադատել է Սիրիայի նախագահ Ասադին, որ «պատրաստ չէ» Անկարայի հետ քննարկել հարաբերությունների կարգավորումը: Թուրքական մամուլը, վկայակոչելով սիրիացի մի նախկին զինվորականի, Ասադին անվանել է «ԱՄՆ-ի և Իսրայելի գաղտնի գործակալ, որ Սիրիայի տարածքի մի զգալի հատվածը մաքրել է ավտախտոն բնակչությունից, որպեսզի հանձնի սիոնիստներին»:
Իսրայելի վարչապետի հասցեին նույն քննադատությունը հնչեցնում է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Պաղեստինի, նրա ժողովրդի իրավունքների, իսլամական համերաշխության մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունները ծածկաքող են: Իրականում Անկարան ձգտում է աշխարհաքաղաքական ճանաչման՝ որպես ուժի ինքնուրույն բևեռի:
Արտգործնախարար Ֆիդանի հայտարարությունից հասկացվում է, որ Անկարան Թրամփի վարչակազմից լուրջ սպասումներ ունի: Բայց Թրամփից «ձեռքերի ազատության» ակնկալիքներ ունի նաև Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Ոչ պակաս կարևոր դերակատարներ են Պարսից ծոցի արաբական միապետությունները, հատկապես Սաուդյան Արաբիան և Արաբական միացյալ էմիրությունները, որ միաժամանակ ազդեցիկ կապեր են հաստատել Չինաստանի հետ, իսկ Ռուսաստանի նկատմամբ պահպանում են ընդգծված լոյալություն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը կարեւոր է այն իմաստով, որ Բաքվում անցյալ շաբաթ առաջին անգամ փորձագիտական մակարդակով խոսվել է Անկարա-Բաքու տարաձայնությունների մասին, այն էլ՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման «մեթոդաբանական ընկալումների» հետ: Հաքան Ֆիդանը ծավալուն մեկնաբանություններում այդ հարցին, առհասարակ Հարավային Կովկասում Թուրքիայի հետաքրքրություններին չի անդրադարձել: Դրանից չի հետևում, թե Անկարան հարավկովկասյան «ձկնիկը ձեռքից բաց է թողնում»: Ընդհակառակը:








































