ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ: Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են ինստիտուտի և Հայաստանի միջև գործակցության խորացումը, իսկ դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել ՄՀԻ-ն Հայաստանում ժողովրդավարության դիմադրունակության աճին նպաստելու համար:
Հանդիպումը ուշագրավ է, նկատի ունենալով նվազագույնը երկու էական հանգամանք: Նախ, այն տեղի ունենում ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո, որի արդյունքով ԱՄՆ կառավարումը գործնականում ամբողջապես ստանձնում է հանրապետական կուսակցությունը: Նախագահի պաշտոնում ընտրվել է հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը, Կոնգրեսի երկու պալատներում ձևավորվել է հանրապետական մեծամասնություն:
Միջազգային հանրապետական ինստիտուտը, իհարկե, ոչ կուսակցական կազմակերպություն է, նաև ոչ կառավարական, բայց ֆինանսավորումն իրականացնում է ԱՄՆ կառավարությունը, ինստիտուտը սերտ գործակցում է պետքարտուղարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ: Դրանով հանդերձ, Միջազգային հանրապետական ինստիտուտի ղեկավար կազմի և խորհրդատվական բլոկի ներկայացուցիչների մեծ մասը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են: Օրինակ՝ ՄՀԻ խորհրդի նախագահը Ալյասկա նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Դեն Սալլիվանն է: Այդ առումով, Նահանգներն ունի ուշագրավ համակարգ: Գործում է նաև դարձյալ ոչ կառավարական, ոչ կուսակցական՝ Ազգային-դեմոկրատական ինստիտուտը, որը նույնպես սերտ գործակցում է ԱՄՆ կառավարության հետ:
ԱԴԻ-ն էլ հարում է դեմոկրատական կուսակցության շրջանակին: Փաստացի, ԱՄՆ քաղաքական համակարգը կազմող երկու կուսակցությունները նաև ձևավորել են երկբևեռ այսպես ասած քաղաքացիական կամ ոչկառավարական համակարգ՝ ի դեմս ՄՀԻ և ԱԴԻ, ու այդ կազմակերպությունների դերը, ըստ ամենայնի, համարժեք կորագծով աճում կամ նվազում է՝ կախված հանրապետական կամ դեմոկատական կուսակցությունների հաջողությունից: Այժմ, երբ թե Սպիտակ տունը, թե Կոնգրեսը երկու պալատներով անցնում են հանրապետականներին, ըստ էոության կաճի ՄՀԻ դերը և այդ իմաստով Հայաստանի դեսպանի հանդիպումը կազմակերպության՝ Եվրասիայի գծով ավագ տնօրենի հետ, ըստ էության արտացոլում է թերևս այդ միտումը՝ մեծ հաշվով պարունակելով նաև հանրապետական նոր ադմինիստրացիայի հետ հաղորդակցության շտրիխ:
Իհարկե, այն հենց այդպիսին էլ կարող է լինել, քանի որ Հայաստանը պետք է ձևավորի, կամ՝ ըստ էության արդեն իսկ պետք է ձևավորած լինել ԱՄՆ նոր վարչակազմի հետ հաղորդակցության և աշխատանքի առավել առանցքային խողովակներ: Մյուս հանգամանքը, որ ուշադրության է արժանացնում Վաշինգտոնում հանդիպումը, կապված է երկու-երեք շաբաթ առաջ Հայաստանում բավականին աղմուկ հանած սոցհարցման հետ, որը իրականացվել էր հենց Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ:
Այդ սոցհարցումը, ի թիվս տարբեր շերտերի, փաստացի ի ցույց էր դրել նաև այն, թե որքան սուղ է Հայաստանը կառավարող ներկայիս քաղաքական մեծամասնության սոցիալ-հոգեբանական և քաղաքական պաշարը, չնայած հանգամանքին, որ առավել սուղ է պատկերը իշխանության մրցակիցների մոտ: Ըստ էության, հարցումը խոշոր հաշվով զգալիորեն բացահայտել էր Հայաստանի իշխանության «սոցիալ-քաղաքական» մերկությունը: Իսկ հաշվի առնելով այն, որ խոսքը բավականին հեղինակավոր կազմակերպության նախաձեռնությամբ իրականացած գործընթացի մասին է, դա ստանում է առավել բազմիմաստ և բազմաշերտ երանգավորում: Արդյո՞ք դեսպանի և ՄՀԻ բարձրաստիճան պաշտոնյայի միջև եղել է քննարկում այդ առնչությամբ, և «Հայաստանի ժողովրդավարության դիմադրունակության» մասին խոսակցությունը ենթադրել է Հայաստանի իշխանության ակնկալիք, որ ՄՀԻ գործունեությունը հնարավորինս զերծ կլինի Հայաստանում այդօրինակ պատկերներ ի ցույց դնելուց:








































