Նոյեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում՝ Համայնքների պալատում, անցկացվել են լսումներ՝ «Կոռուպցիան Ադրբեջանի էներգետիկ համակարգում և ակադեմիական ազատության սահմանափակումները» թեմայով: Այդ մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Միջոցառումը, որ կազմակերպվել է Global Witness և Global Magnitsky Justice Campaign կառույցների հետ, վարել է Համայնքների պալատի կոռուպցիայի դեմ պայքարի երկկուսակցական հանձնաժողովի նախագահ Ջո Փաուելը: Ելույթ են ունեցել Ուիլյամ Բրաուդերը, որ Մագինիտսկու գործով արդարության գլոբալ շարժման առաջնորդն է, Բաքվում տնային կալանքի տակ գտնվող դոկտոր Իբադօղլուի դուստր Ժալյա Բայրամովան, Թոմիլա Լանկինան: Վերջինս Լոնդոնի բարձրագույն տնտեսական դպրոցի պրոֆեսոր է:
Ուսումնական այդ հաստատությունում է դասախոսել նաև դոկտոր Իբադօղլուն, որ մասնագիտացած է Ադրբեջանի տնտեսության էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սխեմաների բացահայտման գործում: Իբադօղլուն համարում է, որ իր նկատմամբ հետապնդումների պատճառը բրիտանական մամուլում տպագրված հոդվածներն են:
Համայնքների պալատում չկազմակերպված լսումների մասնակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանում ակադեմիական մտքի նկատմամբ ճնշումների և հատկապես երիտասարդ ուսումնասիրողների դեմ բռնությունների ծավալմամբ: Քննարկման մասնակիցները խոսել են Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ազդեցության միջոցներ գործադրելու, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և հատկապես Լոնդոնում Բաքվի պաշտոնյաների ձեռք բերած անշարժ գույքի, նրանց ձեռնարկատիրական գործունեության օրինականությունը պարզելու անհրաժեշտության մասին: Բարձրացվել է ադրբեջանցի կոռումպացված պաշտոնյաների և գործարարների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:
Լոնդոնում ադրբեջանական առաջին կլանը հաստատվել է անցյալ դարի 90-ական թվականների երկրորդ կեսին, նախաձեռնողը BP-ն է, որ «դարի պայմանագրի» ստորագրումից հետո Հեյդար Ալիևին շքեղ առանձնատուն է նվիրել: Բրիտանական պատկան մարմինները գերազանց գիտեն, թե ադրբեջանցի նախկին և գործող պաշտոնյաներն ինչպես են Լոնդոնում անշարժ գույքի սեփականատեր դարձել, հաստատել իրենց բիզնեսը:
Համայնքների պալատում այդ թեմայով լսումները հավելյալ բացահայտումներ չեն կարող անել: Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանի տնտեսության հատկապես էներգետիկ ոլորտում կոռուպցիայի թեմայով խորհրդարանական լսումներ Լոնդոնը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և BP-ի գլխավոր գործադիր տնօրենի Բաքու այցից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրանց բանակցություններից տառացիորեն երկու օր հետո:
Նման քննարկումների նկատմամբ Ադրբեջանի նյարդային վերաբերմունքը հայտնի է: Բրիտանական կողմը պաշտոնական Բաքվի, ալիևյան կլանի հետ շփումների երեսնամյա փորձ ունի: Եվ եթե այդքանով հանդերձ Համայնքների պալատի կոռուպցիայի դեմ պայքարի երկկուսակցական հանձնաժողովը Բաքվի պաշտոնյաների կոռումպացվածության, Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում նրանց ունեցվածքի օրինականության բացահայտման, պատժամիջոցների կիրառման հարցեր է բարձրացնում, ապա պետք է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի բանակցություններում սկզբունքային նշանակության հարցերը մնացել են չկարգավորված:
Իհրակե, միամտություն կլիներ ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն Իլհամ Ալիևին խնդրել է դադարեցնել դոկտոր Իբադօղլուի դեմ քրեական հետապնդումը և մերժվել: Կոռուպցիայի, մարդու իրավունքների, ակադեմիական ազատության սահմանափակման և այդ կարգի այլ թեմաները որպես կանոն հրապարակայնացվում են, երբ կողմերի միջև ծագում են տնտեսական, քաղաքական և անվտանգային լուրջ խնդիրներ:
Պետք է ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը Բաքու է մեկնել շատ ավելի կարևոր առաքելությամբ, քան COP29-ին արարողակարգային մասնակցությունն է: Խնդիրը, ըստ երևույթին, վերաբերում է Կասպից ավազանում էներգակիրների արդյունահանման և արտահանման նոր նախագծերին: Ադրբեջանը ռազմավարական համագործակցության մասին 22.02.2022 հռչակագրով պարտավորված է այդ բնագավառի բոլոր ծրագրերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բաքու այցի հաջորդ օրը ՌԴ նախագահի օգնական, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Աստրախանում Կասպից ծովի հարցերով քննարկում է անցկացրել և զգուշացրել, որ Կասպյան ավազանում ՌԴ ռազմածովային ուժերի ներկայությունը թույլ չի տա, որ երրորդ կողմն այնտեղ հաստատվի: Պատրուշևը նկատի է ունեցել Մեծ Բրիտանիայի՞ն, Մոսկվան Ադրբեջանի՞ն է կասկածում ջրային տարածքը ՆԱՏՕ-ի անդամ երկրի տրամադրելու մտադրության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ադրբեջանի նախագահը, երևում է, նոյեմբերի 12-ի բանակցություններում «ինչ-որ բան չեն կիսել»: Լոնդոնը, Համայնքների պալատում լսումներ կազմակերպելով, ակնարկում է, որ կարող են բացահայտումներ հետևել: Բայց չէ՞ որ ադրբեջանական կոռուպցիոն սխեմաները հաստատվել են բրիտանական կողմի իմացությամբ: Լոնդոնը, հավանաբար, չի գնա սրացումների: Իսկ Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան Կովկասում համաձայնության գալու փորձ և ավանդույթներ ունեն:










































