Նոյեմբերի 11-ին Սուխումում հարյուրավոր քաղաքացիներ շրջապատել են Աբխազիայի անվտանգության ծառայության նստավայրը: Ըստ տեղեկությունների, որոնք մասամբ հաստատվում են սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերով, ցուցարաները մի հատվածում տապալել են շենքի դարպասները և մուտք գործել տարածք: Նրանց նկատմամբ ուժ է կիրառվել: Չճշտված տեղեկություններով՝ Սուխումի կենտրոնական մասերում «զորք է մտցվել»:
Հուզումների պատճառ է հանդիսացել Աբխազիայի ընդդիմադիր հինգ գործիչների ձերբակալությունը: Նրանց ինքնությունը դեռևս հրապարակված չէ: Civil.ge-ի տեղեկություններով՝ նախօրեին աբխազական ընդդիմության ներկայացուցիչները Գուդաուտայում հավաք են անցկացրել և որոշել կասեցնել կառավարության ներկայացրած օրինագծի ընդունումը:
Խոսքը վերաբերում է այսպես կոչված «ներդրումների մասին» կառավարության նախաձեռնությանը, որով Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց կթույլատրվի Աբխազիայում անշարժ գույք և գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերել: Իշխող ուժը նման քայլը հիմնավորում է ներդրումների ներգրավման և հազարավոր աշխատատեղերի ստեղծման, բայց հատկապես զբոսաշրջության զարգացման առաջնահերթությամբ:
Ընդդիմությունը, ընդհակառակը, պնդում է, որ Ռուսաստանն ունի Աբխազիան վերջնականապես յուրացնելու, բնիկ ժողովրդին իր հողը տնօրինելու իրավունքից զրկելու, տասը հազար առանձնատուն կառուցելու և ռուս բնակչություն վերաբնակեցնելու մտադրությամբ: Գուդաուտայի հավաքը որոշել է նոյեմբերի 15-ին համաաբխազական հանրահավաք անցկացնել: Խնդիր է դրված իշխանությունից հեռացնել Կրեմլի «դրածո» Ասլան Բժանիային:
Ձերբակալություններն իրականացվել են, որպեսզի այդ հանրահավաքը չկայանա, բայց արձագանքներն ավելի քան վտանգավոր են: Ընդդիմությունը կոչ է արել, որ մարդիկ փակեն ներքին ավտոճանապարհները: Իր հերթին իշխանությունները փակել են Վրաստանի հետ գործող միակ անցակետը՝ զգուշանալով, որ Թբիլիսիից կփորձեն միջամտել և ավելի սրել իրավիճակը:
Սեպտեմբերին Ռուսաստանի կառավարությունը մասնակի կրճատել է Աբխազիայի բյուջետային ֆինանսավորումը: Ինչպես տեղական աղբյուրներն են հայտնում, Մոսկվան կոշտ պահանջ է առաջադրել՝ մինչև չընդունվի «ներդրումների օրենքը», Աբխազիան լուրջ խնդիրներ կունենա: Տարեսկզբից Ռուսաստանը կդադարեցնի նաև էլեկտրաէներգիա սակագնային արտոնությունների ֆինանսավորումը:
Աբխազիայում իրավիճակը լարվում է մի իրավիճակում, երբ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների շուրջ դիմակայությունը ոչ միայն չի հարթվում, այլև նոր դրսևորումներ է ունենում: «Վրացական երազանքի» նախընտրական ամենալուրջ խոստումը Վրաստանի խաղաղ միավորման մասին էր:
Բարդ է ասել, թե այդ հարցում Բիձինա Իվանիշվիլին Մոսկվայից ինչ ազդակներ է ստացել, բայց Մոսկվայի հետընտրական հռետորաբանությունը վկայում է, որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում Ռուսաստանը որևէ հետքայլ չի անի: Այս առումով Աբխազիայի ընդդիմության հովանավորն ո՞վ է, ի՞նչ առաջնահերթություն է նա բերում:
Առանց Ռուսաստանի հովանավորության՝ Աբխազիան չի կարող անկախ պետություն կառուցել: Եթե ընդդիմությունը համարում է, որ Ռուսաստանն օկուպացել է Աբխազիան, ապա ինչպե՞ս է տեսնում նրա ապագան: Այս հարցի պատասխանը, դատելով մամուլի հրապարակումներից, աբխազական ընդդիմությունը դեռևս չի հրապարակայնացրել: Փաստ է, որ Աբխազիան «ճոճվում է»: Եվ հուզումների պատճառը Մոսկվայի կոշտ քաղաքականությունն է: Ի՞նչ զարգացումների կարելի է սպասել: Աբխազական ընդդիմության բողոքը, ամենայն հավանականությամբ, կճնշվի: Բայց դա կարող է հանգեցնել ավելի վտանգավոր իրավիճակ. Աբխազիայում միջէթնիկական բախումների սպառնալիք կա:







































